Փետրվարի 4-ին տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահի և Նիկոլ Փաշինյանի հեռավար հանդիպումը։ Փաշինյանի թիմակից Արթուսկա Ջուլհակյանը ԱԺ-ում հետաքրրքվեց՝ արդյո՞ք ձեռք են բերվել պայմանավորվածություններ գերիների և անհետ կորածների խնդրի լուծման ուղղությամբ։
«Այո՛, բնականաբար քննարկվող կարևոր հարցերից մեկը եղել է հումանիտար հարցերի լուծումը և դուք գիտեք այդ հանդիպումից հետո 8 հայ գերիներ վերադարձան հայրենիք։ Հանդիպումից հետո թյուրըմբռնում եղավ հետևյալի շուրջ, խոսել ենք նաև 1-ին պատերազմում անհետ կորածների ճակատագրի մասին և 44-օրյա պատերազմում անհետ կորածների ճակատագրի մասին, և Ադրբեջանն անընդհատ խոսում է այն մասին, որ առաջին Ղարաբաղյան պատերազմի ժամանակ ունեցել են շուրջ 4000 անհետ կորածներ, բայց ես ուզում եմ ընդգծել, որ հայկական կողմը նույնպես ունի անհետ կորածներ՝ պաշտոնական թվերով 777 անհետ կորածներ ունենք։ Փորձ է արվում ներկայացնել, թե հայկական կողմը նաև այս հարցում կոնկրետ քայլեր չի ձեռնարկել ես ուզում եմ տեղեկացնել, որ վերջին մեկ տարվա ընթացքում ադրբեջանական կողմին է փոխանցվել 1-ին պատերազմից անհետ կորած համարվող 108 մարդու մարմին և առաջիկա օրերին մենք պատրաստվում ենք ևս երկու մարմին փոխանցել»,-ասաց Փաշինյանը։
Իսկ թե ինչո՞ւ նախկինում չի ասվել այս մասին, Փաշինյանը պարզաբանում է․
«Սա հումանիտար հարց է և միջազգային դիվիդենտներ հավաքելու հարց չկա։ Հումանիտար հարցերը սակարկության առարկա չպետք է լինեն։ Մենք մարդկանց ճակատագիրը չենք ցանկանում սակարկել»,-ասաց Փաշինյանը
Նա նաև հայտնեց, որ 44-օրյա պատերազմում հայկական կողմն ունի 217 անհետ կորած և պայմանավորվածություն է ձեռք բերվել անհետ կորածների ճակատագրի պարզման հարցով համագործակցել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը