«Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանն իր ֆեյսբուքյան էջւմ գրել է.
«Մահվան ծաղիկները, Շուշիի հռչակագիրը և «գառների» լռությունը
——————–
Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է օկուպացված Շուշիում Էրդողանի ու Ալիևի ստորագրած հռչակագիրը, որն ամբողջությամբ ուղղված է Հայաստանի ու Արցախի դեմ։ Փետրվարի 1–ին դա արել էր նաև Ադրբեջանի խորհրդարանը։
Ըստ այդ հռչակագրի՝ Ղարաբաղն ամբողջությամբ համարվում է Ադրբեջանի մաս։ Բացի այդ՝ թուրք–ադրբեջանական տանդեմը պահանջում է, որ Հայոց ցեղասպանության հարցը դուրս գա ՀՀ արտաքին քաղաքական օրակարգից ու դառնա բացառապես պատմաբանների քննարկման թեմա։
Ուշագրավն այն է, որ Շուշիի հռչակագիրը վավերացվում է հայ–թուրքական, իբր թե, առանց նախապայմանների կարգավորվող գործընթացի հրապարակային մեկնարկից հետո և «Խաղաղության դարաշրջանի» բացման նիկոլական լոզունգների ներքո։
Փաստորեն, Թուրքիան զուտ ձևականորեն հայտարարում է, որ պատրաստ է ՀՀ–ի հետ առանց նախապայմանների հարաբերություն կառուցելուն, օդանավակայանում ծաղիկներ է նվիրում Ստամբուլ ժամանած հայ ուղևորներին (դրանք իրականում բայրաքթարների նետած մահվան ծաղիկներն են), բայց մյուս կողմից վավերացնում է հակահայկական հռչակագիրը։
Պաշտոնական Երևանը լուռ է, ինչը տվյալ դեպքում համաձայնության նշան է։ Համաձայնություն թուրքական նախապայմաններին։
Պաշտոնական Երևանն աղմկում է միայն ֆեյսբուքյան ինքնաասուլիսների ժամանակ՝ հիմնավորելով թուրք–ադրբեջանական նախապայմանների արդարացիությունը, հայտարարելով, որ «Ղարաբաղը Ադրբեջան է, և վե՛րջ» ու հիմարի տեղ դնելով «հպարտ» քաղաքացիներին»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը