7or.am-ը գրում է․
«Հայաստանի ու Թուրքիայի ներկայացուցիչների՝ Մոսկվայում կայացած հանդիպումից հետո պաշտոնական Երևանի ու Անկարայի կողմից տարածվեց հայտարարություն, ըստ որի՝ կողմերը համաձայնել են հարաբերությունները կառուցել առանց նախապայմանների։
Թվում է, թե սա շատ լավ բան է, քանզի աննախադեպ է։ Աննախադեպ այն առումով, որ Թուրքիան միշտ նախապայմանների լեզվով է խոսել՝ նկատի ունենալով Արցախի և Հայոց ցեղասպանության հարցերը։ Եվ ահա Թուրքիան հիմա համաձայնել է առանց նախապայմանների բանակցել ՀՀ–ի հետ։ Պատճառն այն է, որ թուրքական բոլոր նախապայմանները Նիկոլ Փաշինյանի իշխանությունն արդեն բավարարել է կամ բավարարման փուլում է։
Նիկոլն այժմ այնպիսի էնտուզիազմով ու հետևողականորեն է ապացուցում, որ «Ղարաբաղն Ադրբեջան է, և վե՛րջ», որ նույնիսկ Ալիևն այդպես չի կարողանում։ Նիկոլն այնպիսի հետևողականությամբ ու պարտաճանաչությամբ է բավարարել ու բավարարում թուրք–ադրբեջանական նախապայմանները, որ Թուրքիան հիմա ձևի համար հանգիստ հայտարարում է, որ պատրաստ է առանց նախապայմանների բանակցությունների, որպեսզի Նիկոլի հետ փափուկ բարձ դնի հայ ժողովրդի գլխի տակ, թե բա՝ տեսե՛ք, Թուրքիան մեր գլխին բայրաքթարներ բերելուց հետո բարիացել է։
Իրականությունն այն է, որ Թուրքիան ու Ադրբեջանը շարունակում են թշնամական քաղաքականությունը։
Ինչպես հայտնի է՝ 44–օրյա պատերազմից հետո Էրդողանն ու Ալիևը հայկական Շուշիում (էն որ Նիկոլի համար դժբախտ ու դժգույն քաղաք է) կնքել են հակահայկական ռազմաքաղաքական հռչակագիր։ Ադրբեջանի խորհրդարանը երեկ վավերացրել է այդ հռչակագիրը։ Նույնը պատրաստվում է անել Թուրքիայի խորհրդարանը։ Դա հերթական «դրական» ազդակն է մեր թշնամիներից։ Եվ այս պայմաններում նիկոլենք շարունակում են մոլորեցնել ՀՀ քաղաքացիներին, թե իբր Թուրքիան պատրաստ է առանց նախապայմանների հարաբերություն հաստատել, բացել սահմանն ու նպաստել ՀՀ–ի զարգացմանը։ Քանի՞ ոչխար կա, որ հավատում է այս լկտի ստին։ Քանի՞ անգամ պետք է ցեղասպանություն լինի, որ մեր ժողովուրդը դասեր քաղի և հասկանա, որ Թուրքիան մեզ հետ նորմալ հարաբերություն կհաստատի միայն պետական «Ես»–ի առկայության դեպքում, այլ ոչ թե մուրացկանության։
Ի դեպ, «Խաղաղության դարաշրջան» քարոզող Նիկոլը որևէ ծպտուն չի հանել Ադրբեջանի խորհրդարանի կողմից վավերացված և «պատերազմի ամենօրյակ» նախատեսող Շուշիի հռչակագրի կապակցությամբ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը