Zham.am-ը գրում է․ Նիկոլ Փաշինյանի երեկվա հարցազրույցի մեսիջները նրա անցած տարվա դեկտեմբերի 24-ի հարցազրույցի մտքերի տրամաբանության շարունակությունն էին: Տպավորությունն այնպիսին էր, որ Փաշինյանն այս հարցազրույցները տալիս է ոչ թե Հայաստանի հանրության, այլ՝ Էրդողանի և Ալիևի համար:
Նա փաստացի բանավոր ձևով խոստանում է Ղարաբաղի և Ցեղասպանության խնդրի ճանաչման մասերով բավարարել Անկարայի և Բաքվի բոլոր նախապայմանները: Հայ հանրությանը մնում է դա ներկայացնել այլ փաթեթավորմամբ: Ղարաբաղի մասով նա կրկնում է ադրբեջանական քարոզչական մեքենայի այն պնդումը, թե իբր Ղարաբաղի ճակատագիրն ուրվագծվել էր դեռ 90-ականներին՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի երեք բանաձևերով, իսկ Ցեղասպանության ճանաչման հարցում նա ընդհանրապես հայտարարեց, որ «ոչ թե Հայաստանի, այլ սփյուռքյան կառույցների խնդիրն է»: Հասկանալի է, որ Փաշինյանը չէր կարող խոստանալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ազդել սփյուռքյան կառույցների վրա, որպեսզի նրանք դադարեցնեին իրենց քարոզչական աշխատանքներն այդ ուղղությամբ, իսկ ահա Արցախի մասով Փաշինյանը պատրաստ է կրավորական դիրք ընդունել, ձեռքի հետ մարդկանց խաբելով, թե իբր 2016-ից սկսած հայկական կողմը խնդիրներ է ունեցել այս հարցի շուրջ: Փաշինյանի համար կարևոր է, որ այդ հարցը նա գցի նախկինների «գրպանը», որպեսզի իր ներկայիս դավաճանական դիրքորոշումը հնարավորինս մեղմվի:
Այլ հարց է, որ այսօր արդեն նույնիսկ իր կողմնակիցներից շատերն են հասկացել, որ խաբվել են, սակայն վախենում են հրապարակավ խոստովանել այդ մասին, որպեսզի կարողանան հետագայում խուսափել պատասխանատվությունից:
Փաշինյանի համար թուրքակական նախապայմանների ընդունումը ոչ միայն իր համոզմունքն է, այլ գլխավոր երաշխիքներից է, որ նման ձևով նա կկարողանա պահպանել իր իշխանությունը Հայաստանում: Միայն թուրքական կողմին է հետաքրքիր Փաշինյանի իշխանության պահպանումը, մինչդեռ Ռուսաստանի կամ Արևմուտքի տեսանկյունից Հայաստանում նրանք կարող են այլ գործընկերներ էլ գտնել:
Բայց դա արդեն խոսակցության այլ թեմա է:
Սա է իրականությունը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը