7or.am-ը գրում է․ ՀՀ ԱԺ պատգամավոր Արեգնազ Մանուկյանը հիշեցրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին իր իսկ խոստումը։ Ավելի ճիշտ՝ խոստման չկատարումը։
Բիզնես դաշտում քցողի ու թռնողի համբավ ունեցող Վահան Քերոբյանը խոստացել էր, որ եթե 2021–ին երկնիշ տնտեսական աճ չլինի, ապա ինքը հրաժարական կտա։ Երկնիշ աճը չեղավ, բայց Էկոնոմիկայի հեքիաթասաց նախարարը հրաժարական չի տալիս։
Սկզբում նա «կռուտիտ» էր լինում, թե, իբր, նկատի է ունեցել անվանական աճը։ Հետո հայտարարեց, որ ինքը հրաժարական կտա, բայց մնացածը Նիկոլ Փաշինյանի որոշելիքն է։
Իսկ երեկ արդեն Քերոբյան Վահանը նոր «կռուտիտ» էր մտածել։ Նա ասաց, որ երբ խոստանում էր, որ հրաժարական կտա, կատակ էր անում։
Նույն օրը երեկոյան պարզվեց, որ բոլոր դեպքերում էլ Վահան Քերոբյանը ստել է։
Պատգամավոր Մանուկյանը ԱԺ–կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ հիմնավորեց, որ Քերոբյանն ամենևին էլ կատակով չէր ասել, որ հրաժարական կտա երկնիշ աճ չլինելու դեպքում ու կրկին հարցրեց, թե երբ է Քերոբյանը խոստումը կատարելու և հրաժարական տալու։ Պատգամավորի հարցին պատասխանեց ոչ թե Քերոբյանը, այլ Փաշինյանը։ Նա փաստացի հայտարարեց, որ ՀՀ կառավարության բոլոր պաշտոնյաները «քաղաքական թրաֆիքինգի» են ենթարկվել իր կողմից։
«Քերոբյանին ես եմ արգելել հրաժարական տալ։ Եվ ես կորոշեմ, թե յուրաքանչյուր նախարար և կառավարության անդամ ինչքան կաշխատի և ինչքան չի աշխատի»,– ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ներկայանալով որպես յուրօրինակ «Կարաբաս Բարաբաս»։
Նիկոլի ձևակերպումներից ստացվում է, որ Վահան Քերոբյանն ուզեցել է հրաժարական տալ, բայց քանի որ, պատկերավոր ասած, Վահանը Նիկոլի կալանավորն է ու Վահանի ձեռքից անձնագիրը վերցրել ու շահագործում են, ուստի Նիկոլը նրան բաց չի թողնի։ Վահանը նախարար կաշխատի այնքան, որքան Նիկոլը կորոշի։ Ի՞նչ է սա, եթե ոչ մարդու ստրկացում և «քաղաքական թրաֆիքինգի» վառ օրինակ։
Փաստորեն, Նիկոլն ԱԺ–ում ուսապարկերի է նշանակել պատգամավորներ, իսկ կառավարությունում՝ «քաղաքական թրաֆիքինգի» ենթարկվածներին դարձրել է պաշտոնյաներ։ Այսինքն՝ գործադիրում էլ, մեծ հաշվով, ուսապարկեր են։ Նորություն չէր, բայց եթե նախկինում նիկոլականներից մեկն էր ասում այդ մասին, ապա հիմա Նիկոլն իր շուրթերով է «փչացնում» սեփական թիմակիցներին՝ նրանց կալանավորի շորեր հագցնելով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը