18 01 2022

Արցախի մասին միայն ՔՊ-ական պատկերացումները իրավունք չունեն պարտադրվելու մեր ողջ ազգին․ Գալստյան



ԱԺ հայտարարությունների ժամին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ելույթը․

«Օրերս ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը հայտարարեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չեն կարողանում այցելել Ղարաբաղ:  Տևական ժամանակ Արցախ չի կարողանում այցելել նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող խումբը:  Իհարկե, տարակուսելի և նաև ԲԱՑԱՏՐԵԼԻ է՝ հատկապես ՅՈՒՆԵՍԿՕ-Ի չակերտավոր անկարողությունը:

Բայց այստեղ անբացատրելին նախևառաջ Բաքվից հնչող սպառնալիքներին և հոխորտանքներին պաշտոնական Երևանի լռությունն է:   

Մոսկվայում հայ և թուրք բանագնացների հանդիպումից երկու օր առաջ Ալիևը հերթական հայատյաց կոչերն է հնչեցնում, բացահայտորեն հեգնում է հակամարտության կարգավորման միակ միջազգայնորեն ճանաչված ԵԱՀԿ ձեւաչափը, նաև թուրքական դուետով հաստատում  Արցախի հարցը փակված համարելու, նաև զենք ու զինամթերք գնելու ծրագրերի մասին:

Ի դեպ, դեկտեմբերի վերջին պոստ ֆակտում բացահայտված, դարձյալ Մոսկվայում տեղի ունեցած հայ և ադրբեջանցի մտավորականների հանդիպման ադրբեջանցի մասնակիցը հայտարարեց, որ Ղարաբաղի հարցը փակված է և իրենք՝ հանդիպման մասնակիցները խոսել են միայն հումաիտար խնդիրներից: Մերոնք՝ Հայաստանի մասնակիցները լռում են, և չեն հերքում…Այս ինչ քիրվայական խաղաղության մուրացկանություն է, ինչպե՞ս  և որտե՞ղ են ճշտվում այօրինակ հանդիպումենի մասնակիցների ցանկը և օրակարգը:

Քաղաքական մեծամասնության ողջ խոսույթը երկու հաստատումների մեջ է տեղավորվում՝ Հայաստան-Թուրքիայ դիվանագիտական հարաբերություններ առանց նախապայմանների,  բաց սահման,  տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքներ: Դե, իսկ  իշխանամերձ գործարար շրջանակների հրճվանքն  անթաքույց է:  Սա կարելի էր մի կերպ հասկանալ, եթե չլիներ այն ողբերգական և աղետալի իրականությունն ինչի մեջ ապրում ենք, եթե չլիներ պատմական փորձը…: Եթե չլինեին թուրքական բայրաքթարների մսաղացի մեր հազարավոր զոհերը, եթե չլինեին տասնյակ հազարավոր տեղահանվածները:  

Ինչ առանց նախապայմանների մասին է խոսքը: Եվ Հայաստանի Հանրապետության կողմից ոչ մի պաշտոնական մեղադրանք-գնահատական թուրքական ագրեսիային, Արցախի Հանրապետության կարգավիճակի մասին ոչ մի ծպտուն․․․  Մոռացել եք հիվանդանոցներ ու ծննդատներ ռմբակոծող, Ադրբեջանին ահաբեկիչներ մատակարարող,  միջազգային մարդասիրական իրավունքը ոտնահարող, ի վերջո ցեղասպան  Թուրքիային:  

Ո՞րն  է խաղաղության դարաշրջանի քպ-ական  պատկերացումը: Եթե այն տեղավորվում է երեկ հնչած «բանակցում եմ ինչ-որ պետք է»  հայտարարության մեջ, ապա ավելի քան ողբերգական է. մենք մի անգամ արդեն վայելել ենք այդպիսի մոտեցման պտուղները:  

Ազգային արժանապատվության, մեր ապագայի կամ Արցախի մասին միայն քպ-ական պատկերացումները   իրավունք չունենք պարտադրվելու ողջ ազգին, այդ թվում՝ Սփյուռքին: 

Եվ, երբ այսօր առավոտյան  քպ խոսնակը Ռուբինյան-բանակցողին նույնացնում էր Հայաստանի հետ, լավ կլիներ մինչ այդ հանրությանը ներկայացված լինեին այն կարմիր գծերը, որոնք ընկած են բանակցությունների հիմքում:

 0-ական կամ սեփական կետից սկսելու  երկրորդ այդպիսի մի հարված կնշանակի  մեր ինքնության և պետականության վերջը»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ