15 01 2022

Հայաստանի տարածքը թյուրքական համարող Ալիևը և Էրդողանը խաղաղության օրակարգ չունեն․ Վարուժան Գեղամյան

Հայաստանի տարածքը թյուրքական համարող Ալիևը և Էրդողանը խաղաղության օրակարգ չունեն․ Վարուժան Գեղամյան

Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Այսօր պաշտոնապես մեկնարկել է դիվանագիտական երկխոսությունը Հայաստանի դե ֆակտո իշխանությունների և Թուրքիայի միջև։ Մոսկվայում հանդիպել են երկու պետությունների հատուկ ներկայացուցիչները և շուրջ 1,5 ժամ քննարկել «առանց նախապայմանների» օրակարգը։
Արդեն առիթներ եղել են անդրադառնալու այն հանգամանքին, որ թե՛ նման հանդիպումների օրակարգը, թե՛ բուն հանդիպման մասնակիցների կազմը որևէ լավատեսության հիմք չի տալիս մեզ։ Զարմանալի չէ, որ թուրքական կողմը պաշտոնական տեքստում նշում է նախապայմանների բացակայության մասին։ Իրականում, Թուրքիայի կողմից Հայաստանի դե ֆակտո իշխանություններին ներկայացված նախապայմանները (այդ մասին տե՛ս այստեղ) ըստ էության արդեն մասամբ իրականացվել են, մնացածների իրականացումը ընթացքի մեջ է (մի քանի օրինակ՝ Ցեղասպանության ճանաչման գործընթացի դադարեցում, հանրային դոմինանտ դիսկուրսում պրոթուրքական քարոզի իրականացում, Արցախի հանդեպ քաղաքական հավակնություններից հրաժարում, Թուրքիայի և Ադրբեջանի՝ Հայաստանի հանդեպ տարածքային հավակնություններին արձագանքի բացակայություն, «թյուրքական միջանցքի» նախապատրաստություն և այլն)։
Բավական է հիշել նաև, որ հայ-թուրքական այս երկխոսությունը կողմերի միջև ոչ թե հավասարը հավասարի սկզբունքի հիման վրա է տեղի ունենում, այլ ըստ էության պարտված իշխանության կողմից թուրքական կողմի պարտադրանքի հետ լուռ համաձայնության արդյունք է։ Այս մասին է խոսում նաև այն փաստը, որ Թուրքիան պարբերաբար նշում է, թե Հայաստանի հետ հարաբերությունների հարցը համակարգում է Ադրբեջանի հետ միասին։
Հայաստանի տարածքը թյուրքական համարող Ի. Ալիևը և Ռ.Թ. Էրդողանը խաղաղության օրակարգ չունեն, իրենց խնդիրը Հայաստանը զրկել քաղաքական ինքնուրույնությունից, ուստի ներկայումս ընթացողը այդ գործընթացի միայն մակերեսային և արևելյան քաղցրախոսությամբ պատված հատվածն է, որ և մատուցում են մեզ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ