Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Խոսքը գլոբալ խնդիրների մասին է, որոնք չի լինի անտեսել, քանի որ, եթե (Աստված ոչ անի) իրավիճակը սրվեց, ապա մեզ այնպես կհարվածի, որ հաստատ տակից դուրս չենք գա։
Տեսե՛ք...առաջին անգամ վերջին 40 տարվա ընթացքում ԱՄՆ, Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Չինաստան և Ֆրանսիա ֆորմատով ՇՏԱՊ ընդունվում է մի բանաձև, որը վերահաստատում է միջուկային (!!!!!!!!!!!!)պատերազմի անընդունելիությունը։
Ինչո՞ւ հենց հիմա այսպիսի լուրջ հայտարարության կարիք առաջացավ։
Փորձենք այս պարագայում մի փոքր այլ անկյան տակ դիտարկել ստեղծված իրավիճակը։
Ռուսաստանի և հավաքական Արևմուտքի միջև ակտիվ հասունանում է ռազմական առճակատման հնարավորություն «ուկրաինական» ուղղությամբ։
Ե՛վ ռուսները, և՛ ամերիկացի/եվրոպացիները պնդում են, որ իրենց դիրքերը կտրականապես չեն զիջելու պայմանական «ուկրաինական» ուղղությամբ։
Երկուսն էլ բացահայտ հայտարարում են, որ պատրաստ են նույնիսկ ուղիղ ռազմական առճակատման, եթե իրենց կենսական շահերը ոտնահարելու փորձ լինի։
Բայդենը (ԱՄՆ) և Զելենսկին (Ուկրաինա) արդեն պայմանավորվել են, որ եթե իրավիճակը սրվի, այսինքն՝ ռուսական և ուկրաինական զորքերի միջև տեղի ունենա ուղիղ ռազմական բախում, ապա ամերիկացիները «կոշտ և անդառնալի պատասխան կտան ռուսական ագրեսիային»։ Այստեղ, իհարկե, մե՜՜՜ծ հարց է, թե ո՞վ է իրական ագրեսորը։ Սակայն պետք է նշել, որ ուկրաինացիներին սատարում են ՆԱՏՕ-ի գրեթե բոլոր անդամները (բացառությամբ Հունաստանի) և որպես «նվեր» ռուսներին՝ ուկրաինացիներին սատարում է նաև Ռուսաստանի վաղեմի թշնամի և նորաթուխ «սիրելի գործընկեր» Թուրքիան։ Թուրքիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչները բազմաթիվ անգամ հայտարարել են, որ չնայած այն հանգամանքին, որ իրենք ունեն լավ հարաբերություններ ռուսների հետ՝ ակնկալվող լարվածության ներքո թուրքերը ուկրաինացիներին «մենակ չեն թողնի» (Դոնբասում հայտնված Բայրաքթարները վկա)։
Ռուսները իրենց հերթին վերջնագիր են ներկայացրել ամերիկացիներին և կտրուկ պահանջում են նրանցից երկու բան․
1․ Չընդգրկել Ուկրաինային և Վրաստանին որպես ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ;
2․ Հեռացնել Ռուսաստանին սահմանամերձ եվրոպական պետություններից միջին հեռահարության միջուկային հրթիռները։
Հատկանշական է, որ ռուսները այս երկու պայմանը չեն դիտարկում որպես քննարկման առարկա, այլ՝ պնդում են, որ սա այն պայմաններն են, որոնք անպայման պետք է ընդունվեն ամերիկացիների կողմից՝ առանց վերապահումների։
Այս հարցի շուրջ ռուսները և ամերիկացիները հանդիպելու են հունվարի 12֊15-ը ընկած ժամանակահատվածում, սակայն հաշվի առնելով կողմերի հռետորաբանությունը՝ «լավով հարցերը փակելու» շանսերը շատ մշուշոտ են։
...
Բավական լուրջ լարվածություն է նկատվում նաև Չինաստանի և ԱՄՆ-ի միջև։ Այս անգամ Թայվանի ուղղությամբ։
Ինչպես հայտնի է, Չինաստանը դիտարկում է «ըմբոստ կղզին»՝ Թայվանը, որպես Չինաստանի անբաժանելի մի մաս, ինչի հետ իր հերթին համաձայն չեն ո՛չ թայվանցիները, ո՛չ էլ իրենց հովանավոր ամերիկացիները։
Չինական ռազմական օդուժը պարբերաբար ներխուժում է Թայվանի օդային տարածք, իսկ չինական ԶՈւ-ի հատուկ նշանակության ստորաբաժանումները ակտիվ անցկացնում են դեսանտային բնույթի զորավարժություններ։
Չինացիներն արդեն բացահայտ հայտարարում են, որ այլևս մտադիր չեն հանդուրժել ստեղծված իրավիճակը։ Իսկ ամերիկացիները հայտարարում են, որ ամեն գնով պաշտպանելու են «ազատ Թայվանի տարածքային ամբողջականությունը»։
...
Դե Իրան VS Իսրայել «հավերժ» ռազմական վտանգների մասին նույնիսկ խոսելն է ավելորդ։ Այս ուղղությամբ նույնպես ահռելի բացասական լարվածություն է գեներացվում Իսրայելի կողմից։
...
Հիմա որպես հիշեցում՝ բոլոր վերը նշված պետությունները ( դե բացառությամբ Իրանի) միջուկային այնպիսի ներուժ ունեն, որ ի զորու են 500 անգամ ոչնչացնել երկրագունդը։
...
Իսկ, եթե պատկերացնենք, որ նույնիսկ առանց միջուկային զենքի կիրառման, այնուամենայնիվ, կլինի ինչ որ մեծ ռազմական բախում ԱՄՆ-Ռուսաստան/Չինաստան կամ Իրան-Իսրայել ուղղությամբ, ապա գլոբալ վերադասավորումների ներքո մեր շուրջ տարածաշրջանային իրավիճակը հնարավոր է լրիվ «տրաքի», ինչը իրականում կարող է առաջացնել շատ, շատ, շատ, շատ ծանր հետևանքներ մեր համար։
Հ.Գ․
Եվ չնայած աշխարհը կանգնած է նոր «կարիբյան ճգնաժամի» առաջ, մեր մոտ էական փոփոխություն չկա, քանզի Հայաստանի ներկայիս իշխանության թրքահաճո և ադրբեջանամետ քաղաքականությունը ընթանում է իր հայակործան «հունով», այսինքն՝ մեզ բոլորիս «խաղաղության դարաշրջանի» պատրվակով տանում են դեպի նոր պատերազմ, իսկ «դելիմիտացիայի֊դեմարկացիայի» շղարշի ներքո՝ տանում են դեպի Հայաստանի ինքնիշխան տարածքների կորուստ/մասնատում և Արցախի Հանրապետության իրավական ապալեգիտիմացում՝ ադրբեջանական սցենարով։
Մի խոսքով՝ Հայաստանում ցավոք փոփոխություն չկա՝ «Ապագա Կա՛» խռխռալով ամեն ինչ «վարի են տալիս»։
...շարունակելի․․․
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը