«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանին «Վարդաշեն» ՔԿՀ-ից տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ՝ առանց պարզաբանումներ ներկայացնելու, «Փաստինֆո»-ին հայտնել է փաստաբան Աննա Ծառուկյանը։ Նա ասել է, որ Իսագուլյանին պահում են կարանտինային պայմաններում և շատ ցուրտ սենյակում։
«Ոչինչ չեն ասում։ Հարցնում եմ՝ քննի՞չն է որոշել, ՔԿՀ պե՞տն է որոշել, ո՞վ է որոշել, ի՞նչն է հիմքը՝ որևէ ձայն չկա»,- նշել է փաստաբանը՝ հավելելով, որ իրեն խնդրել են տեղեկությունը ճշտել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից, որտեղից ևս պատասխանել են, որ չգիտեն, թե ինչ հիմքով են տեղափոխել։
Պարզվել է՝ քննիչը նույնպես տեղյակ չէր, որ Իսագուլյանին տեղափոխել են այլ ՔԿՀ։
Փաստաբանը ստիպված դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին՝ իր մտահոգությունները հայտնելով
Ինչպես հայտնի է՝ ՔԿ-ում քննվող քրեական գործի շրջանակներում Գառնիկ Իսագուլյանը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ սուտ մատնություն կատարելու հատկանիշներով, որը զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով։
Գործը վերաբերում է Նիկոլ Փաշինյանի նախկին մամուլի խոսնակ, այժմ՝ Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանի՝ թուրքական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված լինելու մասին արված հայտարարություններին։ Նախաքննական մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Իսագուլյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին, որը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանի կողմից բավարարվել է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը