Past.am-ը գրում է․ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր օֆլայն ձևաչափով հանդես եկավ մամուլի ասուլիսով, որտեղ անդրադարձավ մի շարք արդի հարցերի: Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը, անդրադառնալով ասուլիսին, Past.am-ի հետ զրույցում նախ նշեց, որ Ռոբերտ Քոչարյանը Նիկոլ Փաշինյանին արդեն հաղթում է նաև Փաշինյանի ավանդական հարթակներում:
«Ինչու, որովհետև մենք տեսնում ենք, որ Փաշինյանն սկսել է ավելի ու ավելի հեռանալ լրագրողներից ու ժողովրդից, ինքն այլևս իր ուղիղ եթերների ժամանակ անջատում է մեկնաբանելու հնարավորությունը: Փաշինյանը նախօրոք է հարցեր ընտրում իր օգնականի միջոցով, ինքն այլևս չի տալիս օֆլայն հարցազրույցներ: Այսինքն, առավելագույնս փորձում է պատսպարվել իրեն ոչ դուրեկան հարցերից կամ լրատվամիջոցներից: Հիմա մենք կարող ենք տեսնել, որ Ռոբերտ Քոչարյանը, ի տարբերություն Փաշինյանի, ավելի ու ավելի բաց ֆորմատներով է ելույթներ ունենում: Ու այսօր մենք տեսանք, որ օֆլայն ասուլիսին ներկա էին նաև այնպիսի լրատվամիջոցներ, որոնք համարվում են Ռոբերտ Քոչարյանի և իր թիմի դեմ ամենաշատն աշխատող ԶԼՄ-ները: Այդուհանդերձ, Քոչարյանը շատ հանգիստ լսեց նրանց հարցերն ու պատասխանեց: Այսինքն, կարճ ասած, կարելի է ասել, որ Ռոբերտ Քոչարյանը այս ուղղությամբ ևս լիդերությունն իր ձեռքը վերցրեց: Կարելի է ասել, որ այս հարթակում էլ Քոչարյանը հաղթեց Փաշինյանին»,-ասաց մեդիափորձագետը:
Անդրադառնալով ասուլիսի բովանդակային հատվածին, մասնավորապես նաև Արցախի բանակցային գործընթացի շուրջ Փաշինյանի հայտարարություններին ի պատասխան հնչեցված գնահատականներին՝ Տ. Քոչարյանը մի քանի շեշտադրում արեց. «Ռոբերտ Քոչարյանը թե՛ այս ասուլիսի ժամանակ, թե՛ ընդհանրապես, մի յուրահատկություն ունի: Նա շատ լավ վերլուծում է իրավիճակը, շատ լավ բացահայտում է հնարավոր սցենարները, որոնք կարող են բխել տվյալ իրավիճակից: Նա նաև շատ գեղեցիկ ձևով պատռում է Փաշինյանի ստի դիմակը: Եվ այս ասուլիսի ընթաքում ոչ միայն վերոնշյալ, այլև բազմաթիվ այլ հարցերում շատ հստակ պատասխաններ տրվեցին բոլոր այն հարցերին, որտեղ Փաշինյանը փորձել է մոլորեցնել հասարակությանը»:
Տիգրան Քոչարյանի հետ զրույցում անդրադարձանք նաև Փաշինյանի հայտարարություններին ի պատասխան նաև Արցախից հնչեցված հայտարարություններին:
«Փաշինյանը վերջին առնվազն երեք տարիներին ու առնվազն պատերազմից հետո շատ արագ փորձում է ի մի բերել մի պլան, որի հիմնական նպատակն է Արցախը կա՛մ ամբողջապես հանձնել Ադրբեջանին, կա՛մ առավելագույնս այնպես անել, որ Հայաստանը ձեռքերը լվանա Արցախից ու փորձի Արցախն այլ պետությունների համար խնդիր դարձնել: Չստացվեց նշվածն իրականացնել պատերազմով, որովհետև վերջին պահին ՌԴ-ն իր խաղաղապահների միջոցով եկավ ու փորձեց պահպանել Արցախի գոնե ինչ-որ մասը, ու այդ պլանը տապալվեց: Իսկ հիմա փորձում է այնպես անել, որ Արցախը գցի արցախցիների կամ Ռուսաստանի գրպանը՝ փորձելով ասել, թե «Հայաստանն ի՞նչ կապ ունի իրենց հետ»: Փաշինյանի ասածների ու քայլերի ամբողջ տրամաբանությունը նշվածի մեջ է: Մենք կարող ենք նաև տեսնել, որ հանրային դիսկուրս են գցում մի թեզ, թե իբրև Արցախն այլևս մերը չէ, Արցախի հարցը Ռուսաստանի ու Ադրբեջանի որոշելիքն է: Շատ սխալ մոտեցում է սա: Մեծ հաշվով, Փաշինյանը «Արցախը Հայաստան է և վերջ»՝ իր ասածից շատ սահուն կերպով անցավ «Արցախը Հայաստան չէ և վերջ»-ին: Իսկ ինչ է պետք Փաշինյանին՝ ձերբազատվել Արցախից, այնուհետև առավելագույնս թուլացնել Ռուսաստանի մանևրելու հնարավորությունները տարածաշրջանում: Ու, ի վերջո, ինչ-որ ձևով հասնել մի իրավիճակի, ըստ որի, հնարավոր կլինի հասնել ռուսական ռազմաբազայի հեռացմանը, վերջնականապես Հայաստանի ապագան կապել Թուրքայի և այդ երկրի հետևում կանգնած ուժերի հետ, որոնք և բերեցին Փաշինյանին ու մինչև հիմա իշխանության գլխին են պահում: Ամբողջ հարցը դա է: Վերջապես ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը և ԱՀ ԱԺ-ն արձագանքեցին, թեպետ մի փոքր ուշացած: Այնուամենայնիվ, իրենք երևի թե արդեն հասկացան, որ իրենց, ռուսերեն ասած, «поматросили и бросили», և այլևս ո՛չ Ա. Հարությունյանը, ո՛չ էլ Արցախի որոշ պատգամավորներ, նաև ԱՀ խորհրդարանը հետաքրքիր չեն Փաշինյանին ու շատ արագ իրենք կարող են ընդհանրապես քաղաքականության լուսանցքում մնալ»,- ամփոփեց Տ. Քոչարյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը