27 12 2021

ԼՂԻՄ-ի ինքնավարությունը ձևավորվել է հայկական տարածքի վրա՝ բնիկ ժողովուրդը հայերն են․ Վահրամ Բալայան․ Yerkir.am

ԼՂԻՄ-ի ինքնավարությունը ձևավորվել է հայկական տարածքի վրա՝ բնիկ ժողովուրդը հայերն են․ Վահրամ Բալայան․ Yerkir.am

Yerkir.am-ը գրում է․

Արցախի ԱԺ ընդունած հայտարարությունը  հիշեցում է առ այն, որ Արցախն ունի ժողովրդավարական սկզբունքներով ձևավորված իշխանություն, որն իրավասու է Արցախի ազգաբնակչության անունից խոսելու, որոշումներ կայացնելու և, ընդհանուր առմամբ, երկիրը ղեկավարելու՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը։

ԱԺ Հայտարարությունը «Արցախի Հանրապետության ինքնիշխանությանն ու սուբյեկտայնությանը սպառնացող վտանգների և մարտահրավերների մասին»  նախ՝ հավանության էր արժանացել Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում, ապա այսօր՝ Արցախի ԱԺ արտահերթ նիստում։  

«Ինձ մոտ կա տպավորություն, որ թե՛ ՀՀ  ներսում, թե՛ դրսում ուժեր կան, որոնք ձգտում են Արցախը կտրել Հայաստանի Հանրապետությունից, դա վտանգավոր քայլ է, և, կարծում եմ, մենք էլ պետք է աշխատենք միասնականությունը պահել, որովհետև միասնությունը շահեկան է թե՛ Հայաստանի Հանրապետության, թե՛ Արցախի Հանրապետության համար»,-ասաց Վահրամ Բալայանը։

Փաշինյանի ասուլիսում հնչած գնահատականները, նրա համոզմամբ, վտանգավոր էին մի քանի առումով։  Ինքը, որպես պատմաբան, մտքով պրպտում ու չի գտնում մի իրողություն որևէ ժամանակահատվածում, երբ մեկ երկրի ղեկավարն այդքան մտահոգված լինի հակառակորդ երկրի ազգաբնակչության մասին, ինչքան Փաշինյանն է մտահոգ Ադրբեջանի ժողովրդի մասին։

«Այդպիսի բան չկա։ Նման պահվածքը ընդհանրապես սխալ է և վտանգավոր է հայ ժողովրդի արցախյան հատվածի համար։ Շատ դեպքերում նման կեցվածքը պատմական իրողություններին անտեղյակ լինելու հանգամանք է, որովհետև եթե վարչապետը խոսում էր ադրբեջանցիների իրավունքների մասին, ապա պետք է ասել, որ ԼՂԻՄ-ի ինքնավարությունը ձևավորվել  է հայկական տարածքի վրա, այդ որոշումների մեջ այդպես էլ ֆիքսված է, որ հայկական ինքնավարության մասին է խոսքը։ Իհարկե, ցանկացած տարածքում ապրող մարդը որոշակի իրավունքներ ունի, բայց, ամբողջության մեջ, իրավաքաղաքական տեսակետից շոշափվում է բնիկ ժողվորդի շահը, իսկ բնիկ ժողովուրդը դա հայ ժողովուրդն է եղել Արցախի տարածքում դարեր շարունակ և շարունակում է մնալ, ցավոք սրտի, մի հատվածում»,-ասաց Վահրամ Բալայանը։

Նա համոզված է, որ Փաշինյանի կողմից այդքան շատ մտահոգվելը ադրբեջանցիների մասին պարզապես իրականությունը խեղված ձևով ներկայացնելու փորձ է։

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ