Երբ նայում ենք մեր ժողովրդի պատմությանը, կարելի է ասել, որ դա հաղթանակների ու պարտությունների մի շղթա է. ցավոք սրտի, արցախյան ազգային ազատագրական պայքարը ևս այդպիսի ընթացք ունեցավ: Այս մասին այսօր՝ փետրվարի 20-ին, ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության մոտ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը։
Ըստ Արցախի ԱԺ փոխնախագահի՝ Արցախի հարցը որևէ կապ չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ. «Մենք ինքնորոշվեցինք մեր տարածքի վրա։ Այստեղ կարևոր է նկատենք, որ մենք որևէ երկրի, ժողովուրդների տարածքների նկատմամբ հավակնություններ չենք ունեցել: Մենք խորհրդային ժամանակաշրջանում ունեցել ենք Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ, և այն որոշակի կարգավիճակ է ունցել Խորհրդային Միության կազմում, ինչպես Խորհրդային Ադրբեջանն է ունեցել: Ավելին ասեմ, որ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզն ունեցել է նաև Սահմանադրություն, որտեղ գրված է, որ պաշտոնական, պետական լեզուն հայերենն է: Իրավական տեսանկյունից որեւէ խնդիր չկա, այսօր խոսել, որ պետք է Ադրբեջանի տարածքում լինի ինքնորոշում, այդպիսի բան չկա, դա անընդունելի է»,- նշեց Բալայանը։
Անդրադառնալով դիտարկմանը, որ Հայաստանի Սահմանադրությունը փոխելով փորձ է արվում ամբողջությամբ օրակարգից հանել Արցախի հարցը, Բալայանը նշեց, որ այս կամ այն որոշումով հնարավոր չէ փակել ազգային հարցերը:
«Թղթի վրա գրվածը դեռևս հիմք չէ, այսինքն դա չի նշանակում, որ մեր պայքարը չպետք է շարունակվի, մեր ժողովուրդը չպետք է պահանջատեր լինի: Արցախը միայն արցախհայերինը չէ, այն համայն հայությանն է պատկանում:
Ես կարծում եմ՝ ժողովուրդը դա չի ընդունի: Դա ժողովրդական հանրաքվեի միջոցով պետք է լինի եւ ժողովուրդը արդեն մեկ անգամ որոշում կայացրել է եւ հետամուտ կլինի իր իրավունքները պաշտպանելու հարցում»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ այսօր լրանում է Արցախյան շարժման 36-ամյակը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը