23 12 2021

Մանվել Փարամազյանը վերադարձել է Քաջարան՝ աշխատանքի

Մանվել Փարամազյանը վերադարձել է Քաջարան՝ աշխատանքի

Աչքդ լու՜յս, Քաջարաˊն

Քաջարանում տոն է. Մանվել Փարամազյանն է վերադարձել, ու համայնքի շեն-շնորհքը տեղն է ընկել: Այս մասին հաղորդագրություն է տարածել Քաջարանի համայնքապետարանը:

Վեց ամիս անազատության մեջ գտնվելուց հետո Մանվել Փարամազյանն ազատ է արձակվել դեկտեմբերի 17-ին գրավի դիմաց։

Երեկ նա արդեն վերադարձել է աշխատանքի, բայց նախ այցելել է Զոհված ազատամարտիկների հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու հերոսների հիշատակին, այնուհետև շրջայց կատարել քաղաքում, տեղեկացվել, որ իր բացակայության ընթացքում գործերն ու մեկնարկած ծրագրերը մնացել են թերի, անկատար, որոշ ոլորտներ՝ գրեթե կաթվածահար:

Համայնքի ղեկավարը գործերի ընթացքին հանգամանորեն ծանոթանալուց հետո տվել է համապատասխան հանձնարարականներ, մասնավորապես, շենքերի ջերմամեկուսացման ընդհատված աշխատանքները վերսկսելու, խաղահրապարակների վերականգնման, կոմունալ ծառայության աշխատանքների կազմակերպման ուղղություններով:

«Աշխատանքային խորհրդակցության ընթացքում համայնքապետը լսեց աշխատակազմին, այնուհետև ցուցումներ ու հանձնարարականներ տվեց բացթողումները, վերացնելու, ընդհատված աշխատանքները վերսկսելու, խնդիրներն ըստ առաջնահերթության լուծելու ուղղություններով: Համայնքապետը որոշել է անել հնարավորը, որպեսզի համայնքային կյանքը վերադառնա բնականոն ընթացքին»,- հայտնում են համայնքապետարանից։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ