20 12 2021

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Վարդանյանը վայր է դրել մանդատը

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Վարդանյանը վայր է դրել մանդատը

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Վարդանյանը ավագանու մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել։ Այս մասին Վարդանյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: Գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի երևանցիներ, ընկերներ, գործընկերներ,

2018-ի սեպտեմբերին ընտրված Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը ներառական մի միավոր էր, որն ամբողջությամբ արտահայտում էր հեղափոխության արժեքներն ու գաղափարախոսությունը: Ավագանու անդամի պատասխանատվությունը ստանձնել եմ քաղաքի խնդիրների լուծմանը մասնակից լինելու համար և երեք տարվա մեջ փորձել եմ դա անել ամեն օր, անտրտունջ ու մեծ նվիրումով: Բայց դրա մասին չէ, որ ուզում եմ խոսել: Քանի որ ավագանու և մեր խմբակցության կազմում մշտապես փորձել եմ առաջ շարժվել արդարամտորեն ու հետևելով խղճիս ձայնին, հիմա էլ փորձեմ մեր գործունեությանն այդպիսի հետադարձ հայացք գցել:

 

Ընտրվելուց հետո մեծ եռանդով լծվեցինք գործի: Խմբակցությունով աշխատում էինք շատ ակտիվ` թե՛ անհատապես, թե՛ աշխատանքային խմբերով, բոլորն իրենց անելիքն ունեին: Քաղաքապետը ևս հաճախ էր մասնակցում մեր նիստերին, միասին քննարկում էինք անելիքները, լավատեղյակ էինք ամենին, ինչ կատարվում էր քաղաքապետարանում: Սակայն, հետզհետե իրերի դրությունը փոխվեց: Իմ խորին համոզմամբ` մեր խմբակցությունը բավականին թուլացավ 2018-ի ԱԺ ընտրություններին մեր գործընկերների մի մասի` պատգամավոր դառնալու և դրանից հետո էլ կազմի անընդհատ շարունակվող փոփոխության պատճառով:

Քաղաքապետարանի աշխատավարձերի բարձրացման նախագծին դեմ հանդես գալուց հետո խմբակցության հետ քաղաքապետի հարաբերություններն այլևս առաջվանը չէին: Հազվադեպ էինք հանդիպում նրան, հաճախ՝ ավագանու նիստից նիստ, իրականացվող ծրագրերի մասին երբեմն իմանում Երևանի քաղաքապետարանի կայքից կամ ԶԼՄ-ներից:

Խմբակցության մեր վերջին հանդիպմանը իմ գործընկերներին կրկին ասացի, որ մենք խմբակցությունով չկարողացանք դառնալ այն ուժը, որի հետ քաղաքապետը կհամագործակցեր: Կային մարդիկ, որոնց ամիսներով չէինք տեսնում: Խմբակցության նիստերին հաճախ մասնակցում էին անդամների կեսից էլ պակաս մարդիկ, ավագանու նիստերին` ևս: Քաղաքապետն էլ իր հերթին բավարար ջանք չգործադրեց համայնքի համար կարևորագույն ռեֆորմներն առաջ տանելու հարցում խմբակցության հետ գործընկերային անհրաժեշտ հարաբերությունն ապահովելու և այդ ռեֆորմների մասը դարձնելու համար:

Այս ողջ ընթացքում փորձել եմ երկու կողմի հետ էլ խոսել երկխոսության կարևորության մասին, բայց երևի այնքան էլ լավ չեմ կարողացել տեղ հասցնել ասելիքս, չգիտեմ… Արդյունքում ստացվեց այնպես, որ ես ու մի շարք իմ գործընկերներ շարունակում էինք մեր աշխատանքը հանուն Երևանի՝ հաճախ տարբեր խնդիրների մասին բավարար տեղեկատվություն չստանալով երկու կողմից էլ: Օրինակ, ինձ համար մինչ այս պահն անհասկանալի է ավտոբուսների ձեռքբերման արդեն հրապարակային քննարկվող սաբոտաժին մասնակցած իմ որոշ գործընկերների դրդապատճառը` բացառությամբ «ուզում ենք եվրոպական արտադրության ավտոբուսներ ներկրել» ընդհանրական պնդման:

Այս ճգնաժամն այնքան խորացավ, որ այժմ ավագանու արտահերթ նիստ է հրավիրվել քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նպատակով: Ես հաճախ եմ աջակցել քաղաքապետին իր գործունեության ընթացքում` տեսնելով աշխատասիրություն, համայնքային ամենասուր խնդիրները լուծելու կամք ու հոգատարություն: Այսօր էլ հավատացած եմ, որ իր գործունեության մեջ առաջնորդվել է ազնիվ և համայնքանպաստ մղումներով: Միաժամանակ, հասկանալի է, որ իշխող խմբակցություն-քաղաքապետ խզումն այլևս անցել է անդառնալիության կետը և չի կարող այսպես շարունակվել: Ճգնաժամի հանգուցալուծման մի քանի տարբերակ էր քննարկվում խմբակցությունում` ներառյալ անվստահություն հայտնելը, որին ես, ի սկզբանե, կտրականապես դեմ եմ արտահայտվել, քանի որ այն համարում եմ ոչ կառուցողական, ցնցումներով լի, համայնքի և երևանցու և մեր հասարակության շահերից չբխող: Սակայն որոշումն ընդունվել է առանց իմ մասնակցության և այն մատուցվել որպես վերջնական:

Դեկտեմբերի 17-ին դիմում եմ ներկայացրել ավագանու մանդատս վայր դնելու վերաբերյալ:

Շնորհակալություն եմ հայտնում քաղաքապետին, խմբակցությանը և ավագանու մյուս անդամներին, քաղաքապետարանի, վարչական շրջանների իմ գործընկերներին համատեղ երեք տարվա աշխատանքի համար և ներողություն եմ խնդրում մեր համաքաղաքացիներից գործս կիսատ թողնելու համար:

Այսպիսով փակում եմ իմ կյանքի` Երևանի ավագանու անդամի գործունեության էջն ու այս հարցին այլևս չեմ անդրադառնալու»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ