Թալինի համայնքի ղեկավարի ընտրությունն անցկացվել է օրենքի խախտմամբ. այս մասին հայտարարություն է տարածել «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը, որը ներկայացնում ենք ստորև.
«2021թ. դեկտեմբերի 7-ին Թալին խոշորացված համայնքի ավագանու ընտրություններին մասնակցած՝ «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության անունից Մնացական Մնացականյանը, «Հայք» լիբերալ կուսակցության անունից՝ Կարեն Գրիգորյանը, «Մեր համայնքը» կուսակցությունների դաշինքի անունից Տիգրան Հարությունյանը, հայտարարություն էին տարածել (կցվում է), որ Զարթոնքը, Հայքը և Մեր համայնքը, որպես Թալին համայնքի ղեկավարի թեկնածուի, առաջադրելու և պաշտպանելու են «Հայք»-ի ներկայացուցչին:
Այս ընթացքում, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շահերի պաշտպանությունը ստանձնած իշխանությունը ճնշումներ բանեցնելով կուսակցությունների թիմերի նկատմամբ, որը դրսևորվել է ոստիկանական և այլ միջամտություններով, հասել է նրան, որ այսօր՝ դեկտեմբերի 17-ին ոստիկանական ուժերի շրջափակման մեջ գտնվող համայնքապետարանի շենքում Թալին համայնքի ղեկավարի ընտրության ժամանակ՝
- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրված ավագանու անդամները չեն ձևավորել խմբակցություն («Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքի 66-րդ հոդված).
- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին համարը զբաղեցնող անձն առաջադրվել է համայնքի ղեկավարի թեկնածու՝ առանց խմբակցության առաջադրման, այն դեպքում, երբ ՀՀ ընտրական օրենսգրքի 142.2-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն միայն խմբակցությունը կարող է առաջադրել համայնքի ղեկավարի թեկնածու.
- «Զարթոնք» խմբակցության 6 անդամները, «Մեր համայնքը» խմբակցության 2 անդամները, և «Հայք» խմբակցության 3 անդամներից 2-ը, ըստ պայմանավորվածության քվեարկել են «Հայք» խմբակցության թեկնածուի օգտին ( 10 ձայն ընդանուր 21 ձայնից).
- «Հայք» խմբակցության ընտրական ցուցակի առաջին համարը՝ Կարեն Գրիգորյանը, որը ստորագրել էր համագործակցության փաստաթուղթը, ի հակասումն իր տղամարդկային խոսքի և ստորագրության, դեմ գնալով իր թիմակիցներին, իր ձայնը տվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուի օգտին:
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը դատապարտում է իշխանությունների գործելակերպը և միջազգային կառույցների ուշադրությունն է հրավիրում այս արատավոր երևույթի նկատմամբ:
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը շնորհակալություն է հայտնում «Զարթոնք» խմբակցության անդամներին, «Մեր համայնքը» խմբակցության անդամներին, ինչպես նաև «Հայք» խմբակցության այն անդամներին, որոնք չդավաճանեցին իրենց սկզբունքներին:
Մամուլի խոսնակ՝ Անդրանիկ Մարգարյան»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը