Կառավարության այսօրվա՝ դեկտեմբերի 16-ի նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձ է կկատարել Բրյուսելում դեկտեմբերի 15-ին տեղի ունեցած հանդիպումներին։
«Ադրբեջանի նախագահի հետ մենք վերահաստատել ենք Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու կառուցման մեր որոշումն ու պայմանավորվածությունը: Ուզում եմ ընդգծել, որ երկաթուղին կգործի սահմանային և մաքսային միջազգայնորեն ընդունված կանոնների համաձայն՝ փոխադարձության սկզբունքով և երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո: Հայաստանն այս երկաթուղով հասանելիություն կստանա դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն և Ռուսաստանի Դաշնություն: Ադրբեջանն երկաթուղային կապ կստանա Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ:
Ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել հետևյալի վրա. եթե մեզ հաջողվի որոշակի երկխոսություն սկսել և արդյունավետ երկխոսություն Թուրքիայի հետ, հաջողվի հասնել սահմանի և կոմունիկացիաների բացմանը, այս նախագիծը կարող է շատ ավելի մեծ մասշտաբ ստանալ: Ես չեմ ուզում գերագնահատել այս պայմանավորվածության և նախագծի նշանակությունը, բայց մյուս կողմից՝ չեմ էլ ուզում թերագնահատել: Սա մի կարևոր պայմանավորվածություն է, որը, իհարկե, հույս ունեմ, որ ճշգրիտ ձևով կիրագործենք, որն էականորեն կփոխի տարածաշրջանի տնտեսական, ներդրումային, իհարկե, նաև քաղաքական և անվտանգային միջավայրը: Եվ մենք առաջիկայում պետք է կենտրոնանք նաև այս խնդրի լուծման վրա:
Իհարկե, նաև տեղեկացրել եմ, որ Ադրբեջանի նախագահի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ շփումները կշարունակենք՝ մեր օրակարգի հարցերի շուրջ փորձելով ձևավորել և ձևակերպել ընդհանուր տեսակետներ և մոտեցումներ: Այսինքն՝ համաձայնեցնել և հաղթահարել այն տարաձայնությունները, որոնք առկա են»:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը