13 12 2021

Ինչո՞ւ է Փաշինյանը դավադրության տեսություն առաջ քաշում Հայաստանի ընդդիմության և Ադրբեջանի ստվերային իբր համագործակցության մասին

Ինչո՞ւ է Փաշինյանը դավադրության տեսություն առաջ քաշում Հայաստանի ընդդիմության և Ադրբեջանի ստվերային իբր համագործակցության մասին

Zham.am-ը գրում է․ Նոյեմբերի 10-ին ԱՄՆ նախագահ Բայդենի կազմակերպած «Հանուն ժողովրդավարության» առցանց համաժողովում իր ելույթում Նիկոլ Փաշինյանը առաջ քաշեց այն թեզը, որ սահմանային միջադեպերի և իր ներքաղաքական ընդդիմախոսների գործունեության միջև կա ընդհանուր հայտարար։ 

Ըստ էության, Փաշինյանը փորձում է ակտիվորեն առաջ տանել այս թեզը՝ նույնը հորդորելով իր ներքաղաքական գործընկերներին։ Սակայն Հայաստանի այսօրվա ընդդիմության և Ադրբեջանի գործողությունների միջև ընդհանուր հայտարար գտնելը շատ դժվար է, մեղմ ասած։ Ակնհայտ է, որ նույնիսկ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները, մեղմ ասած, չեն հավատում այս վարկածին։ Սակայն Նիկոլը համառորեն փորձում է առաջ տանել այս թեզը՝ փորձելով «դավադրության տեսության» սեփական վարկածը տարածել իր կողմնակիցների ու իր թիմի անդամների շրջանում։

Փաստն այն է, որ հայ հասարակության գրեթե կեսը համոզված է ճիշտ հակառակ վարկածում։ Փաշինյանին չսիրողների ճնշող մեծամասնությունը կարծում է, որ հենց Նիկոլն է համագործակցում Թուրքիայի և Ադրբեջանի հետ։

Փաշինյանի վերջին 3,5 տարիների գործողությունները բոլորին համոզել են, որ նրա բոլոր քայլերը նպաստել են Հայաստանի թուլացմանը և Ադրբեջանի հաղթանակին. հասարակության պառակտում, միաժամանակ մարդկանց բաժանելով «սևերի ու սպիտակների», խորացնելով «ղարաբաղցիների և հայաստանցիների» միջև եղած «ջրբաժանը», որը Փաշինյանի հիմնական թեզն էր վերջին 20 տարիների ընթացքում։ Հայկական բանակի ղեկավարության դեմ կատաղի արշավ, հայ-ռուսական հարաբերություններում անվստահության մթնոլորտի ստեղծում, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ քրեական գործ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործի հարուցում, Պուտինին ու Լավրովին «փողոցային ծաղրում» և վերջապես Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացի տոտալ ոչնչացումը և միջնորդների առաջարկների մասին հայ հասարակությանը կեղծ տեղեկատվության մատուցումը հասարակության մեջ օբյեկտիվորեն լուրջ և խորը կասկածներ են առաջացնում, որ Փաշինյանն իշխանության է բերվել որպեսզի նա հետեւողականորեն ոչնչացնի հայոց պետականությունը։

Եթե սրան ավելացնենք այն թեզը, որ Թուրքիան և Ադրբեջանը անմիջականորեն շահագրգռված են հայկական պետականության կործանմամբ, ապա հասարակության այն հատվածը, որը մերժում է Փաշիյանին, խորապես համոզվում է, որ Նիկոլին իշխանության են բերել հենց Թուրքիայի և Բաքվի ծրագրերն իրականացնելու համար։ Թե որքանով է այս թեզը համապատասխանում իրականությանը, այլ զրույցի թեմա է, սակայն պետք է նշել, որ հասարակության մի շատ զգալի հատված հավատում է այս թեզի ճշմարտացիությանը։ Իսկ Փաշինյանը, փորձելով պաշտպանվել, փորձում է նույն «դավադրության տեսությունը» տարածել, բայց իր հակառակորդների դեմ։

Սակայն նրա ողբերգությունը կայանում է նրանում, որ նույնիսկ իր թիմի անդամները չեն հավատում այս վարկածին, քանի որ ոչ թե նախկին իշխանության, այլ հենց Փաշինյանի օրոք մենք ստացանք ոչ թե պարզապես պատերազմ, այլ պատերազմ՝ այսպիսի սարսափելի արդյունքներով և կորուստներ, իսկ թուրքական ու ադրբեջանական մամուլը գործնականում բացահայտորեն աջակցում է Փաշինյանին, ինչպես նաև մտավախություն է հայտնում, որ «նախկինլ իշխանությունը կարող է վերադառնալ»։

Ավելին, երբ այս տարվա գարնանը ՀՀ գլխավոր շտաբը հանդես եկավ Փաշինյանի հրաժարականի պահանջով, Թուրքիայի ողջ քաղաքական էլիտան՝ Էրդողանի գլխավորությամբ, սատարեց Փաշինյանին։ Սրանք փաստեր են, որոնք նույնիսկ Փաշինյանը չի կարող հերքել։ Սակայն հայտնվելով նման վիճակում՝ Նիկոլ Փաշինյանը ստիպված է փորձել իր հասցեին հնչող մեղադրանքները շեղել ընդդիմախոսների ուղղությամբ՝ հուսալով, եթե ինքը շատ խոսի այս մասին, ապա իր ընտրողների առնվազն 10%-ը կհավատա այս վարկածին։

Բայց, ինչպես ասում են, ողջ ժողովրդին կարելի է կարճ ժամանակով խաբել, ժողովրդի մի մասին կարելի է հավերժ խաբել, բայց ամբողջ ժողովրդին հավերժ խաբել հնարավոր չէ, և այս առումով Փաշինյանի այս անհույս քայլերը հեռանկար չունեն:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ