03 12 2021

Մարդու իրավունքների պաշտպանը «ստանդարտ» պաշտոն չէ․ Ռուբեն Մելիքյան

Մարդու իրավունքների պաշտպանը «ստանդարտ» պաշտոն չէ․ Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում մի քանի հարցադրումներ է ուղղել իշխող ՔՊ խմբակցության կողմից ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու առաջադրված Քրիստինե Գրիգորյանին։

«Մարդու իրավունքների պաշտպանը «ստանդարտ» պաշտոն չէ։ Դու փաստացի ոչինչ չունես, բացի քո հեղինակությունից։ Եվ եթե հանրությունը (առաջին հերթին՝ մասնագիտական հանրությունը) քեզ չի ընդունում որպես հեղինակություն, ուրեմն դու չունես հեղինակություն։ Եվ եթե հեղինակություն չունես, ուրեմն դու փաստացի ոչինչ չունես։

Մեղմ ասած, չեմ ողջունում Քրիստինե Գրիգորյանի համաձայնությունը՝ առաջադրվելու որպես ՔՊ-ի ՄԻՊ։ Նա այդ առաքելության հետ կապ չունեցող մարդ է։

Ամեն դեպքում, տիկին Գրիգորյանին՝ որպես ՄԻՊ-ի դե ֆակտո թեկնածուի, հրապարակավ մի քանի հարց ուղղեմ, որ մարդիկ իմանան իրենց ապագա ՄԻՊ-ի մոտեցումները.

1) Ձեր ընկալմամբ՝ արդյոք չարաշահվո՞ւմ է խաղաղ հավաքներից «օրինական պահանջը չկատարելու» հիմքով մասնակիցներին բերման ենթարկելու՝ իրավապահների հնարավորությունը։ Արդյոք չափազանց մեծ չէ՞ խաղաղ հավաքների ընթացքում ոստիկանների թիվը։

2) Ձեր ընկալմամբ՝ արդյոք արդարադատության նախարարը պե՞տք է իրավունք ունենա դատավորների դեմ կարգապահական վարույթներ հարուցել, եթե այո, ապա արդյոք պե՞տք է սահմանափակումներ լինեն։

3) Ձեր ընկալմամբ՝ Ձեզ առաջադրած քաղաքական ուժը արդյոք ընտրական իրավունքին անհամաչափ միջամտություն չի՞ կատարում, երբ համայնքապետերի ԺՊ-ներ է նշանակում բացառապես իր առաջադրած թեկնածուներին։

4) Ինչպե՞ս եք վերաբերվում խափանման միջոց կալանքին։ Արդյոք այն չի՞ չարաշահվում իշխող ուժի ընդդիմախոսների նկատմամբ։

Դեռ այսքանը»,- գրել է իրավապաշտպանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ