Ադրբեջանական իշխանությունների հայատյացության քաղաքականությունը տարածվում է եւ ակտիվ պահում հայերի դեմ թշնամանքն ամբողջ աշխարհում, լարվածության մեջ է պահում երկու ժողովուրդներին, վտանգում է այլ երկրներում մարդու իրավունքների համակարգն ու պահում մթնոլորտը լարվածության մեջ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Նա, մասնավորապես, նշել է․
«Սան Ֆրանցիսկոյում նոյեմբերի 19-ին Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի եւ ԱՄՆ հայ հայտնի փաստաբան Կարօ Ղազարեանի ուղեկցությամբ այցելեցի Սուրբ Գրիգոր լուսավորիչ Հայ առաքելական եկեղեցի եւԳռուզեան-Զաքարեան-Վասպուրական ազգային վարժարան, որոնք անցյալ տարի հարձակման էին ենթարկել ադրբեջանական հանցավոր խմբեր:
Մասնավորապես, եկեղեցին հրդեհվել էր 2020թ. սեպտեմբերին: Հուլիսին վարժարանն էր ենթարկվել վանդալիզմի՝ պատերին հայերի դեմ ադրբեջանական ատելության ու թշնամանքի խոսքերով:
Դրանից հետո՝ 2020թ. սեպտեմբերի 21-ին հրազենից կրակել էին վարժարանի վրա: Ընդ որում, վարաժարանը մանկապարտեզի տարիքից մինչեւ 8-րդ դասարանի երեխաների համար է:
Եկեղեցիում տեղի ունեցան քննարկումներ Smpad G. Saboundjian-ի, իսկ վարժարանում՝ տնօրենի, մանկավարժական կոլեկտիվի եւ երեխաների հետ: Նրանք հաստատեցին ահաբեկող հարձակումները եւ ներկայացրին հարձակումների իրենց հայտնի մանրամասները:
Այս արարքները հակադրվում են մարդու իրավունքներին ու ժողովրդավարությանը, ոտահարում են բռնությունից զերծ լինելու, երեխաների շահերի, խղճի եւ կրոնի ազատության եւ այլ կենսական իրավունքներ:
Դրանք ապացուցում են, որ ադրբեջանական իշխանությունների հայատյացության քաղաքականությունը տարածվում է եւ ակտիվ պահում հայերի դեմ թշնամանքն ամբողջ աշխարհում, լարվածության մեջ է պահում երկու ժողովուրդներին, վտանգում է այլ երկրներում մարդու իրավունքների համակարգն ու պահում մթնոլորտը լարվածության մեջ։
Նշված հանցավոր արարքների քննությունն իրականացնում է ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (FBI)՝ որպես ատելության շարժառիթով կատարված հանցանքներ:
Կալիֆորնիա իմ այցը կազմակերպվել էր Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արեւմտյան տարածաշրջանի (The Armenian National Committee of America-Western Region (ANCA-WR) ANCA Western Region աջակցությամբ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը