Panorama.am-ը գրում է․ «Իշխանությունը, հատկապես անվտանգության մարմինները, շատ արագ պետք է բացատրություն տան գաղտնալսող ծրագրի օգտագործման մասին»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով հայաստանցի օգտատերերի դեմ Pegasus ծրագրի միջոցով իրականացվող գաղտնալսումներին։
Հիշեցնենք, որ այսօր մի քանի հայաստանցիներ Apple-ից նախազգուշացնող նամակ են ստացել, որ իրենց գաղտնալսում են։
Նման նամակի մասին քիչ առաջ հայտարարեց նաև «ԱԺ պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։
Ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը նման նամակ չի ստացել, չգիտի էլ, խմբակցության գործընկերներից ստացողներ եղե՞լ են, թե՞ ոչ։ Սակայն մի բան հստակ է՝ չնայած երկրում հետպատերազմական, սոցիալական ծանր վիճակին ու հետևանքներին՝ իշխանությունը մեծ գումարներ է ծախսել նման ծրագրով գաղտնալսումներ իրականացնելու համար։
«Մեր հեռախոսային խոսակցությունների արձագանքներից հասկանում ենք, որ ինչ-որ բան այնպես չէ։ Սա խոսում է իշխանության վախերի մասին։ Միայն այն փաստը, որ հասարակական կարգի պահպանման համար նախատեսված ծախսերը էապես նվազել են, փոխարենը ավելացել են պետական պահպանության ծախսերը, խոսում է այն մասին, որ իշխանությունն առավոտից երեկո մտածում է մի բանի մասին՝ ո՞նց անի, որ պաշտպանի սեփական իշխանությունը, անվտանգությունն ու բարեկեցությունը։ Այն ծրագիրը, որի մասին գրել է մամուլը, մի քանի մլն-անոց է։ Սա ուղղակի անթույլատրելի է, հատկապես երբ ամեն առիթով Փաշինյանը չքմեղանում է առաջնագծի ոչ բարվոք կահավորման հետ կապված»,-ասաց պատգամավորը։
Հիշեցնենք, որ Apple-ը հայց է ներկայացրել NSO Group-ի և նրա մայր ընկերության դեմ՝ պատասխանատվության ենթարկելու Apple-ի օգտատերերի հսկողության և թիրախավորման համար:
Ըստ Apple-ի բողոքում առկա տեղեկությունների, NSO Group-ը վարակել է զոհ դարձած մարդկանց սարքերը իր Pegasus լրտեսող ծրագրերով: Apple-ը նաև պահանջում է մշտական արգելք NSO Group-ի ցանկացած ծրագրի, ծառայությունների կամ սարքերի համար։
Նշենք, NSO Group-ը ստեղծում է տեխնոլոգիաներ, որոնք կօգնեն պետական մարմիններին կանխել ու հետաքննել ահաբեկչություններն ու փրկել մարդկանց կյանքեր։
Apple-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ, փաստագրված է, որ այս լրտեսող սարքերը չարաշահվել են տարբեր երկրներում լրագրողների, ակտիվիստների, այլախոհների, գիտնականների և պետական պաշտոնյաների թիրախավորման համար:
Apple-ը խոստացել է նման ծրագրի հայտնաբերման դեպքում տեղեկացնել տուժած օգտատերերին։
Apple-ը կարծում է, որ գաղտնիությունը մարդու հիմնարար իրավունքն է, և անվտանգությունն ընկերության մշտական ուշադրության կենտրոնում է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը