Ստեղծված իրավիճակում կան հարցեր, որոնք ոչ մեկը չի արծարծում: Թեպետ, կարելի է չկասկածել, որ իրավիճակն սթափ գնահատողներից շատ-շատերը պարզորոշ տեսնում են թե՛ նշված ծանր հարցերի հետ կապված իրողությունները, թե՛ դրանց պարունակած ռեալ վտանգները: Պարզապես, ոնց որ կախվածի տանը պարանից չխոսելը, նույնիսկ ավելի վատ՝ վանում են այդ հարցերը, ինչպես թույնով լցված գինու գավաթը: Չնայած, ինչ-որ տեղ հողմաղացների վրա դոնքիշոտաբար հարձակվելու տպավորություն էլ կարող է թողնել այդ հարցերի արծարծումը, մանավանդ, եթե շուրջբոլոր տակավին քիչ չեն նրանք, ովքեր գերադասում են ծծել Նիկոլի նետած գունավոր ու թունավոր մոնպասյեները, ոչ քչերն էլ շարունակում են «լայքել» ու «որոճալ» նիկոլական «իշխանության» իրարամերժ ու ոչ մի վստահություն չներշնչող «տեղեկությունները»: Ինչևէ:
Հարցերից առաջինը Սյունիքի գյուղերի ու քաղաքների հայաթափումն է: Ի՞նչ եք կարծում, որքա՞ն մարդ է մնացել ու որքան մարդ կմնա, օրինակ, Սիսիանում, եթե ադրբեջանաթուրքական զորքը, «նավոդկա» արած հրետանային միջոցներով հանդերձ, մի տևական ժամանակ շարունակի կանգնած մնալ Սյունիքի հյուսիսային դարպասի անմիջական մատույցներում: Նույնը՝ Նիկոլ Փաշինյանի թողտվությամբ թշնամուն հանձնված գրեթե բոլոր գերիշխող բարձունքներով շրջապատված Կապանի մասին: Նույնը՝ Գորիսի, նույնը՝ «մայր Հայաստանից» նիկոլական «միջանցքներով» կտրված Մեղրու կամ Քաջարանի մասին:
Մենք դեռ չենք խոսում գյուղական բնակավայրերի մասին, որոնք գործնականում թողնված են բախտի քմահաճույքին և թուրքի ողորմածությանը: Չէ, լուրջ, ի՞նչ եք կարծում, մեկ կամ երկու ամիս անց, բոլոր այդ մեծ ու փոքր բնակավայրերում քանի՞ հայ կմնա:
Ի դեպ, հնարավո՞ր է, որ հենց այդ նպատակով էին վերջին 1-2 տարիներին (անգամ 2020-ի պատերազմական շրջանում) ինտենսիվորեն բազմաբարձրահարկ բնակելիներ կառուցվում: Ի վերջո, եթե Սյունիքից հայության զանգվածային գաղթ սկսվի, ապա մարդկանց ինչ-որ տեղ պետք է տեղավորել:
Մի կիսահռետորական հարց էլ կա, որ առանց չարախնդալու արժե ուղղել ԱԺ արտահերթ ընտրություններում Նիկոլի ՔՊ-ի օգտին քվեարկած սյունեցիներին, հատկապես, մեծ սիրով Նիկոլի պաշտոնական ներկայացուցչից մոտոբլոկներով ու խոտհնձիչներով ընտրակաշառվածներին. հասցրեցի՞ք ձեր ձայնը ծախելու դիմաց ստացած այդ խոտհնձիչները օգտագործել: Սա իմիջիայլոց:
Մեկ այլ հարց, որի վրա, հնարավոր է, պարզապես ուշադրություն չեն դարձնում: Թշնամու կողմից Հայաստանի դեմ վերսկսած ռազմական ագրեսիան, ըստ էության այդպես էլ չարժանացավ «միջազգային հանրություն» կոչվածի ո՛չ ուշադրությանը, ո՛չ էլ դատապարտմանը: Եղան ընդամենը մեկ-երկու լղրճուկ հայտարարություններ, «երկու կողմերի» և նմանօրինակ այլ հիմար նշումներով: Կարծեմ միայն Ֆրանսիայի ԱԳՆ-ն էր որ քիչ թե շատ ընկալելի բան էր ասել: Սակայն այ թե ի՛նչն է հետաքրքիր: Եղած սակավաթիվ արձագանքներում էլ ակնհայտորեն ադրբեջանական կողմի հրահրած վերջին ռազմական լարումը հիշատակվում էր, որպես «հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակ» կամ նման բառակապակցությամբ: Մինչդեռ տեղի ունեցածը «սահմանային միջադեպ» չէ՝ այդ ձևակերպման բուն իմաստով: Խնդիրն այն է, որ թշնամին վաղուց, արդեն ավելի քան կես տարի ա) խախտել ու անցել է ՀՀ՝ միջազգայնորեն ճանաչված սահմանը, բ) գործնականում զավթել է ՀՀ տարածքի նկատելի հատվածներ ու այժմ բախումներ հրահրում է բուն ՀՀ տարածքում: Դրա ի՞նչն է «սահմանային»: Եվ ո՞վ պետք է նաև դրա վրա սևեռի «միջազգային հանրության» ուշադրությունը: Խնդրում եմ, միայն չասեք՝ Արարատ Միրզոյանը կամ ԱԽ քարտուղարի պաշտոնն զբաղեցնողը: Վերջինիս մոտ միայն մեկ բան է լավ ստացվում՝ Հայաստանի ներքին հաղորդակցության և ՀՀ միջպետական ավտոճանապարհների վրա ադրբեջանական օկուպացիոն զորքերի կողմից անցակետեր տեղադրելու մասին ուրախ-զվարթ «աչքալուսանք տալը»:
Արմեն Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը