17 11 2021

Մոսկվան աշխատում է կոնկրետ ամեն կողմի հետ․ Զախարովա

Մոսկվան աշխատում է կոնկրետ ամեն կողմի հետ․ Զախարովա

Յուրաքանչյուր երկիր ունի իր շահերը, որոշ շահեր հակասում են իրավիճակի զարգացման վերաբերյալ մեր պատկերացումներին, որոշները՝ համընկնում:Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝  մեկնաբանելով Հայաստանի դեմ հարձակման ֆոնին Թուրքիայի կողմից Ադրբեջանին աջակցություն հայտնելու հանգամանքը։

«Տվյալ պարագայում մենք գիտենք՝ ինչ էր հարկավոր հրատապ ձեռնարկել, որպեսզի իրավիճակը չվատթարանար և գար այն կետին, որից էսկալացիան սկսվել էր, որպեսզի այն վերադառնար խաղաղ հուն: Մենք կենտրոնացած ենք դրա վրա: Երևի վերլուծություն ևս կանցկացվի, բայց դա երկրորդական է: Առաջնայինը իրավիճակի հանդարտեցումն է, ինչով էլ զբաղվում են մեր պրոֆիլային գերատեսչությունները և, իհարկե, նախևառաջ մեր երկրի նախագահը»,-ասել է Զախարովան:

Բացի այդ, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը անդրադարձել է նոյեմբերի 8-ին Արցախի Շուշի քաղաքի ներքևի հատվածում Ադրբեջանի կողմից մեկ քաղաքացիական անձի (Մարտիկ Երեմյան) սպանության և ևս երեքին վնասվածքներ հասցնելու դեպքի ֆոնին Արցախում ռուս խաղաղապահների կողմից հրադադարի ռեժիմի պահպանման ու տեղի բնակչության անվտանգության ապահովման մասին հարցին:

Նա, մասնավորապես նշել է, որ «Մոսկվան աշխատում է կոնկրետ ամեն կողմի հետ՝ ինչպես երկկողմ խողովակներով, այնպես էլ այսպես կոչված կոլեկտիվ հանդիպումների ժամանակ»:

«Կողմերին զսպվածության, դեպքերի նման զարգացումը թույլ չտալու կոչեր ենք անում: Մենք տալիս ենք գնահատականներ: Դուք պետք է հասկանաք, որ ոչ բոլոր գնահատականներն են տրվում հրապարակավ: Շատ բան, որ ասվում է, ասվում է  անմիջականորեն կողմերին: Ելնում ենք նրանից, որ դա արդյունավետ կլինի այս կամ այն իրավիճակում»,-եզրափակել է Զախարովան:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ