Ժամը 13։00-ի դրությամբ ադրբեջանական զինված ուժերը ռազմական գործողություններ են սկսել և փորձել են սրել իրադրությունն հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղության ամբողջ երկայնքով: Այս մասին «Լուրեր»-ի եթերում ասաց Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Այս պահին շարունակվում են մարտական գործողություններ ընթանալ. Պաշտպանության նախարարությունը քայլեր է ձեռնարկում իրավիճակը կայունացնելու նպատակով», - ասաց Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ այսօրվա սրացումը կապված է նաև Ադրբեջանի կողմից հավելյալ զրահատեխնիկա և զինված ուժեր կիրառելու հետ։
«Նրանք փորձել են օգտագործել Հայաստանի սուվերեն տարածքում գտնվող Ադրբեջանի զինված ուժերը։ Քանի որ հարձակումը եղել է Հայաստանի սուվերեն տարածքի վրա, մենք դիմում ենք Ռուսաստանի Դաշնությանը ՀՀ-ի և ՌԴ-ի միջև գոյություն ունեցող 1997 թվականի պայմանգրի շրջանակում Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով և համաձայնագրի շրջանակում փոխադարձ պարտականություններն իրագործելու տրամաբանության շրջանակում», - ասաց Արմեն Գրիգորյանը։
ԱԽ քարտուղարի խոսքով՝ սա բանավոր դիմում է, որը գրավոր ընթացակարգ է ունենալու։
«Մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանի Դաշնությունն օգնություն կտրամադրի և մենք հնարավորություն կունենանք Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու», - ասաց ԱԽ քարտուղարը:
«Եթե հնարավոր չլինի այս ճգնաժամը լուծել բանակցային ճանապարհով, ապա ակնկալում ենք Հայաստանին տրամադրել բավական ռազմական օգնություն, որպեսզի Հայաստանը կարողանա ստեղծված իրավիճակը հանգուցալուծել», - ասաց Գրիգորյանը։
Անդրադառնալով ՀԱՊԿ-ին՝ Արմեն Գրիգորյանն ասաց, թե հավելյալ քայլեր կձեռնարկեն, որպեսզի ակտիվացնեն ՀԱՊԿ պայմանագրի շրջանակում նախատեսված այն գործիքակազմը, որը հնարավորություն է տալիս որևէ անդամ երկրի տարածքային ամբողջականության որևէ ոտնձգության դեպքում քայլեր ձեռնարկել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը