05 11 2021

Աղետի գլխավոր պատճառը՝ հակառուսական քաղքականությունն էր․ Վահան Իշխանյան

Աղետի գլխավոր պատճառը՝ հակառուսական քաղքականությունն էր․ Վահան Իշխանյան

Վահան Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Դաշնակցական Իշխան Սաղաթելյանը Պրեսինգ հաղորդմանը տված հարցազրույցում ասաց, որ պատերազմի ժամանակ՝ հանդիպումներից մեկում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նեղսրտել է՝ ասելով, թե Ռուսաստանը իրեն համարում է սորոսական, բայց ինքը սորոսական չի։

Սորոսականը դարձել է հակառուսության փոխաբերությունը, այսինքն, եթե որևէ հակառուս Սորոսի ֆոնդից օգտված էլ չլինի, միևնույն է, նրան անվանում են սորոսական։ Ռուսաստանը, Փաշինյանին սորոսական անվանելով, նկատի է ունեցել, որ նա հակառուս է, և չի սխալվել։

Փաշինյանը մինչև իշխանության գալն էր աչքի ընկնում ռուսաֆոբիայով․ հիշենք, որ ասում էր, թե 2016֊ի ապրիլյան պատերազմը Ռուսաստանն է հրահրել, որ Ադրբեջանին բերի ԵԱՏՄ, ապա նաև տիպիկ ռուսաֆոբիական արտահայտություն, թե իբր 1915 թվին ռուսները ծրագրել էին Արևմտյան Հայաստանը կազակներով բնակեցնել։ Փակագծում նշենք, որ նաև Լևոն Տեր֊Պետրոսյանը իր ռուսաֆոբիան, որ խնամքով քողարկում էր, վերջապես մեջտեղ հանեց՝ հրապարակելով 2016 թվին Գագիկ Հարությունյանին ուղղված մի նամակ, որտեղ ասում է․ «Ռուսաստանը ձգտելու է իր ռազմական ներկայությունն ապահովել նաև Ադրբեջանում, ինչը, 1920-21թթ․ նման, հնարավոր է միայն Ղարաբաղի հարցը վերջինիս համար նպաստավոր պայմաններով լուծելու դեպքում»։ Լևոն Տեր֊Պետրոսյանին ոգևորվորում է իր «մարգարեացումը», սակայն, մենք գիտենք, աչքներիս առաջ է եղել, թե ինչ դեպքերի հաջորդականությունը ռուս խաղաղապահներին հասցրեց Արցախ, Նիկոլ Փաշինյանի հակառուսական քաղաքականությունը, բանակցությունները տապալելն ու իր կետից սկսելը հանգեցրին պատերազմի ու պարտության, և եթե Ռուսաստանը չմիջնորդեր, ապա Ստեփանակերտն էլ էր ընկնելու։ Ի դեպ, Տեր֊Պետրոսյանը ոչ միայն չէր քննադատում Փաշինյանի «ազգակործան» այդ քաղաքականությունը, այլև նրան այնպես ջերմեռանդորեն էր աջակցում՝ ընդդիամդիրներին անվանելով դավաճան, և միայն պարտությունից ու աղետից հետո Փաշինյանից տարանջատվելու համար նրան անվանեց ազգակործան պատուհաս։ Մի նկատառում՝ այն բոլոր քաղաքական ուժերը ու անհատները, որոնք ամեն գնով ձգտում են Ադրբեջանի ու Թուրքիայի հետ բարեկամանալ՝ հանուն դրա պատրաստ զոհաբերելու նույնիսկ Արցախն ու Հայ դատը, ռուսաֆոբ են՝ լատենտ կամ բացահայտ։ Ինչո՞ւ, քանի որ նրանք համոզված են, որ Ռուսաստանն է միակ խոչընդոտը թուրքական պետությունների հետ քիրվայանալու։ Նրանց համոզմունքը՝ կրոնական երանգներ ունի, քանի որ ինչքան էլ նորանոր փաստեր երևան գան, որ անկախ Ռուսաստանի դերակատարությունից Թուրքիան ծավալապաշտկան հակումներ ունի բոլոր հարևանների նկատմամբ, նույնիսկ Եվրամիության երկրների, էլ ուր մնաց իր գլխավոր թշնամի հռչակած հայերի երկրի վրա աչք չգցեր՝ Հայաստանի վրայով իր եղբայրական պետության հետ միանալու համար, միևնույն է, ռուսաֆոբին չես համոզի, նա վստահ է, որ Կրեմլում մի կաբինետ կա, որտեղ առավոտից երեկո մշակում են հայերին զոհելով թուրքերի հետ հարցեր լուծելու ծրագրեր։

Ինչևէ, Նիկոլ Փաշինյանը իշխանությունը գրավելուց անմիջապես հետո միանգամից սկսեց հակառուսական քաղաքականություն։ Հստակ իմանալով, որ ՀԱՊԿ֊ի քարտուղարի դեմ քրեական գործ հարուցելով կառաջացնի Ռուսաստանի թշնամությունը, այսուհանդերձ, հանձնարարեց գործը հարուցել (գաղտնալսված հեռախոսազրույցներում ԱԱԾ, ՀՔԾ պետերի և վարչապետի, հստակ ասվում է վարչապետին, որ Ռուաստանը շատ դժգոհ է այդ գործից։ Կարծես թե ռուսական հատուկ ծառայություններն էին գաղտնալսել դրանք՝ ի պատասխան Խաչատուրովի դեմ հարուցված քրեական գործի), էլ չասած ռուսական ձեռնարկությունների դեմ հարուցված քրեական գործերը, Եվրախորհրդում ռուսական պատվիրակության ձայնի իրավունքը վերականգնելու դեմ քվեարկելը (քվեարկողին էլ ԱԺ փոխնախագահ կարգելը), Պուտինի հակառակորդներին քաղաքական ապաստան տալն ու հանրայինի եթեր տրամադրելը։

Ընդհանրապես, հակառուս քարոզչությունը այնպես է ձևակերպում պատմական իրողությունները, որ թվա թե Ռուսաստանը ահավոր անարդար է վարվել Հայաստանի նկատմամբ։ Պատմությունը թողնենք այլ քննարկման, նայենք մեր աչքի առաջ եղածը՝ Հայաստանի իշխանությունը ՀԱՊԿ֊ի քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ քրեական գործ հարուցելով մեծագույն անարդարություն արեց և՛ արդարադատության, և՛ միջազգային հարաբերությունների տեսանկյունից, որից հետո տարօրինակ կլիներ, որ Ռուսաստանը աջակցեր Հայաստանին այնպես, ինչպես դաշնակցին է վայել։

Հիշենք, որ Փաշինյանը ասում էր, թե Ռուսաստանը պետք է ադապտացվի Հայաստանի նոր վիճակին։ Պատերազմի ժամանակ ինքն է փորձել ադապտացվել՝ Ռուսաստանին համոզելով, որ ինքը Սորոսի հետ կապ չունի, բայց ապարդյուն, նախ ուշ էր, երկրորդ չես խաբի՝ ինչպես նշեցինք, սորոսականը հակառուսի փոխաբերությունն է դարձել, իսկ Փաշինյանը մոլեռանդ հակառուս է։

Ակնհայտ էր, որ Ադրբեջանի ու Թուրքիայի համար պատերազմի դուռ բացեց այն հանգամանքը, որ Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունները փչացել են, շատ պարզ հաշվարկ են արել՝ ճիշտ պահն է հարձակման ՝ Հայաստանը վատացել է իր միակ դաշնակցի հետ, ուրեմն միայնակ մնալով՝ չի կարող դիմադրել։

Շատերը հարց են տալիս՝ լավ, ասենք Քաղաքացիական պայմանագիրը հակառուս կուսակցություն է, բայց չէ՞ որ Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցն է, ինչպե՞ս թույլ տվեց, որ այսպես ահավոր ձևով պարտվի։ Նախ, ինչպես տեսանք, Ռուսաստանը մի քանի անգամ փորձել է կանգնցնել պատերազմը, առնվազն փաստված է, որ Պուտինը հոկտեմբերի 19-ին առաջարկել է պատերազմը կանգնցնել՝ Շուշին պահելով հայկական վերեհասկողության տակ, սակայն Փաշինյանը մերժել է, նաև տեղեկություններ կան, որ Ռուսաստանը շարունակել է ռազմական օգնություն ցուցաբերել։

Կարո՞ղ էր ավելին անել, իհարկե, բայց ինչո՞ւ աներ։ Ինչպես մարդկային հարաբերություններում է՝ երբ որևէ ընտանիք թշնամաբար է տրամադրված մեկ այլ ընտանիքի դեմ, թեկուզ ազգական լինի, միևնույն է, այս մեկը նրան չի օգնի, ինչքան էլ ծանր վիճակում լինի։ Նույնն էլ պետությունների հարաբերություններում է՝ ինչքան էլ Հայաստանն ու Ռուսաստանը դաշնակիցներ լինեն, միևնույն է, Ռուսաստանը չէր աջակցելու Հայաստանի այն իշխանությանը, որ ակնհայտ հակառուս է և արևմտյան շահերին է ծառայում՝ աջակցելով կուժեղացնեն իրենց դեմ աշխատող հակառուսական իշխանության դիրքերը։ Իսկ եթե Հայաստանի իշխանությունները վստահելի գործընկերներ լինեին, պատերազմը կամ չէր լինի, կամ էլ Ռուսաստանի միջնորդությամբ կարճ ժամանակում կկասեցվեր, գումարած, որ կլինեին ռազմական ու մասնագիտական ավելի մեծ օգնություններ։ Պարզ է, որ որևէ երկիր, նաև Ռուսաստանը կուզի իր դաշնակիցը լինի հզոր և ոչ թե պարտված ու այնքան թույլ, որ հակառակորդների ձեռքին խամաճիկ դառնա։ Պարզ է, բայց ոչ ռուսաֆոբների համար։

Նիկոլ Փաշինյանը պատերազմի ժամանակ հասկացել է, որ իր պատճառով Ռուսաստանը այն աջակցությունը չի ցուցաբերում, որ կլիներ նրա համար վստահելի կառավարության դեպքում, և եթե մի գրամ հայրենասիրություն ունենար, հրաժարական կտար, և իշխանությունը կհանձներ այնպիսի մեկին, ում Ռուսաստանը վստահում է ու կփրկեր և՛ մարդկային կյանքեր, և՛ հայկական բնակավայրեր։

Ինչևէ, հրաժարական չտվեց և շարունակեց պարտված երկրի պարտված ղեկավարի իր հակաառաքելությունը՝ հաղթողի առաջ անսպառ զիջումների գնալով արդեն Հայաստանի Հանրապետության տարածքներից։

Իսկ Ռուսաստանն էլ, շահագրգռված իր հարավային սահմաններում կայունությամբ, հանդես գալով որպես միջնորդ Հայաստանի ու Ադրբեջանի միջև, ձգտում է հնարավորինս կայունացնել լարված վիճակը՝ Փաշինյանի ձեռքը չի բռնելու՝ թե զիջումներ մի արա։

Այս իրավիճակը օգտագործելով՝ հակառուսական ուժերը, մանավանդ Բևեռը, ավելի սաստկացրել են իրենց քարոզչությունը՝ Հայաստանի տարածքներից Փաշինյանի նորանոր զիջումները վերագրելով Ռուսաստանին։ Քարոզչությունը այնքան հզոր է, որ նույնիսկ նրանք, ովքեր սթափ դատողություն ունեն, սկսել են մեղադրել Ռուսաստանին։

Բևեռը գոչում է, թե ռուսական զորքերը օկուպացրել են Արցախը, այսինքն, ուզում է, որ այդ զորքերը հանեն Արցախից, և հետո ինչ կլինի՞, ադրբեջանցիները կկոտորեն արցախցիներին, կամ էլ եթե արցախցիները հասցնեն, կարտագաղթեն։ Ահա, հակառուսությունը ինչքան անպատասխանատու է, որ մի ամբողջ երկիր՝ իր բնակչությամբ, պարտաստ է զոհել իր հակառուսական կրքերը կամ էլ արևմտյան կենտրոնների հանձնարարությունները բավարարելու համար։ 2018-ի հեղափոխությամբ իշխանության եկածներն էլ հենց այդ կրքերի ու հանձնարարականների զոհը դարձրին Հայաստանն ու Արցախը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ