ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Մահացել է լրագրող Վահան Իշխանյանը։
Սա իրոք անժամանակ մահ էր։ Համ հեռանալու տարիքը չէր (58), հա՛մ էլ՝ հիմա նա մեզ շատ էր պետք։ Հատկապես հիմա, երբ Հայաստանի բարձր ամբիոններից պետության վախճանը հրամցվում է որպես փրկօղակ։
Վահանը սուր գրիչ ուներ։ Վահանի հետ մտերիմ էլ ենք եղել, վիճել էլ ենք։ Բայց միշտ միասնաբար կռիվ ենք տվել քաղաքական այլասերման դեմ։
Ինչ էլ գրեր Վահանը մի բանում համոզված էի՝ չի խաղում, իր սկզբունքներին չի դավաճանում, խփելուց ուժեղ է խփում, պաշտպանելուց լավ է պաշտպանում։ Ու միշտ անշահախնդիր։
Վահանը չուներ հեղինակություններ։ Իր համար հեղինակությունը գիտելիքն էր, փաստարկն էր, փաստն էր և ինտելեկտը։
Նա լավ իմաստով պոֆիգիստ էր, բնավորությամբ՝ ծանր, վարքաբանությամբ ու մարդկային հարաբերություններում՝ ազատական, գաղափարախոսությամբ՝ ձախական և ամենակարևորը՝ միշտ հայկական։
Վահանինն այն դեպքն էր, երբ չես կարող հայտնի ձևակերպումն օգտագործել՝ բնությունը հանգստացել է զավակի վրա։
Իր հորը՝ հայտնի լեզվաբան, հրապարակախոս, բանասիրական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Ռաֆայել Իշխանյանին կարդացել եմ։ Կարող եմ ասել, որ Վահանն առնվազն պակաս չէր հորից։ Ավելի ճիշտ՝ Վահանն ուրիշ ձեռագիր ուներ։ Նա սեփական դիմագիծն ու ես–ն ուներ և վաղուց էր դուրս եկել հայտնի մարդու որդու կարգավիճակից, քանզի իրեն իրենով գիտեինք։
Վահանի կարիքը մենք շատ կզգանք, նրա տեղն այս պահին թափուր է։ Քանզի իր պես քրքրող, գտնող ու կրակող այս պահին ուղղակի չկա։ Վահանը՝ ոճ էր։ Վահանի ձեռագիրն առանց ստորագրության էլ զգացնել էր տալիս, թե ով է հեղինակը։
Վահանը 88–ի Ղարաբաղյան շարժման երիտասարդ սերնդի վառ ներկայացուցիչներից էր, շարժման զավակը։ Դրա համար էր սիրտը ցավում տեղի ունեցածի համար։ Դրա համար էր նա մինչև կյանքի վերջին օրերը կռիվ տալիս հայրենիքը ծամող լեշակերների դեմ։
Ափսոս, որ շուտ հեռացավ ...»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը