Աղվան Վարդանյանի հայտարարությունը՝ 2021թ. հոկտեմբերի 26-ի Ազգային ժողովի նիստում
Խորհրդարան, հարգելի քաղաքացիներ,
Այս կառավարության, իշխող քաղաքական այս ուժի բերած ավերները անչափելի են։ Արցախ, բանակ, սահմաններ, արտագաղթ, ազատությունների, իրավունքների սահմանափակում, ազգային դիմադրողականության կորուստ, ինքնիշխանության կտրուկ նվազում, պետական համակարգի կազմաքանդում (ականջը կանչի Լեւոն Տեր-Պետրոսյանի)։
Փաստացի՝ Հայաստանը այլեւս ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետություն չէ ։ Ոստիկանապետություն է։
Բայց այսօրվա իմ թեման միայն սոցիալականն է, մարդկանց սոցիալական վիճակը։ Որովհետեւ այս իշխանությունը ժողովրդին մեդալի պես խփել է դոշին ու ամեն ինչ արդարացնում է ժողովրդի անունով։
Բայց ի՞նչ է անում այդ նույն ժողովրդի, ավելի ստույգ՝ Հայաստանի քաղաքացիների համար։ Ասեմ՝ ինչ։
Որոշել են հունվարի 1-ից բարձրացնել նվազագույն կենսաթոշակը եւ նպաստները։ Գիտե՞ք ինչքան։ 26.500 դրամը դառնալու է 28.600 դրամ։ Տարբերությունը՝ 2.100 դրամ։ Նաեւ մի քանի սոցիալական փոքր ենթախմբերի եկամուտն է մոտ այդքան ավելանալու։ Սա է սրանց պահած ժողովուրդը։
Ոչինչ, որ տարեկան գնաճը 10 տոկոսից պակաս չէ, ոչինչ, որ սննդամթերքը թանկացել է 16 տոկոսով, բանջարեղենը 64 տոկոսով, ձուն՝ 27, ձուկը՝ 31, անասնաֆերմայի խոզի միսը՝ 40 տոկոսով։
Ավելի հասկանալի լինելու համար ասեմ՝ մոտ 480.000 թոշակառուներից միայն 19.200 մարդու թոշակն է բարձրանալու 2.100 դրամով։
Ակնհայտորեն մեր թոշակառուները, սոցիալապես անապահով մյուս խավերը եկող տարի ավելի վատ են ապրելու։ Աճելու է աղքատությունն ու ծայրահեղ աղքատությունը։
Սա է մեր քաղաքացիներին սրանց խոստացած ապագան։ Սա է արդարություն, տնտեսական հեղափոխություն, հազար բան խոստացածների վերաբերմունքը մարդկանց հանդեպ։
Միայն մի փաստ արձանագրենք. այս ընթացքում Հայաստանում ավելի քան 2.000.000 COVID թեստ է հանձնվել՝ 15.000 դրամով։ Հիմա պարզվում է՝ թեստի արժեքը առնվազն կրկնակի ցածր կարող էր լինել։ Այսինքն՝ մեր քաղաքացիներից 1,5 միլիարդ դրամ ուղղակի շորթել են։
Վերջին ինը ամիսներին մոտ 100.000 մարդ երկրից մեկնել ու չի վերադարձել։ Բայց իրենք պարգեւավճարները շարունակում են ստանալ, բայց իրենց եկամուտներն աճում են։
Ու սրանք դեռ մտածում են, թե ապագա ունեն։
Կռապաշտները ապագա չեն ունենում։
Առաջարկություն ունեմ. 52 տոկոս թանկացած սոխ կերեք ու լաց եղեք ձեր իշխանության վրա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը