Գորիս-Կապան ճանապարհի այդ հատվածը շարունակում է մնալ ադրբեջանցիների վերահսկողության տակ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը:
«Ադրբեջանցիները լկտիացել են, ինչ ուզում, անում են: Անգամ տեղեկացա, որ մեքենաներից մեկը Կապան գնալիս ժեստ է ցույց տվել ադրբեջանցիներին: Հետ գալու ժամանակ այդ մեքենան կանգնեցրել են, նսեմացրել են այդ մարդկանց, նոր ճանապարհել են՝ անկախ նրանից, ռուսներն ուղեկցում էին, թե ոչ: Տեղեկացված եմ, չգիտեմ՝ որքանով է դա համապատասխանում իրականությանը, որ նույն Սրաշեն, Շիկահող ճանապարհի կողքը բարձրունք կա, կարծես ադրբեջանցիները հավակնում են դա էլ վերցնեն: Դա հենց գյուղի դիմաց է»,-ասել է նա:
Հակոբյանը համոզմունք հայտնել է, որ Նիկոլ Փաշինյանն իր շքախմբով կատարում է ինչ-որ առաքելություն, որը տանելու է մեր պետականության կործանման. «Մենք այսօր չունենք պետություն, ունենք բռնապետ իր մի քանի ուսապարկերով»:
Խոսելով տնտեսության մասին պատգամավորը նշել է, որ մեր տնտեսությունն այսօր գտնվում է կոլապսի մեջ:
«Այո, չկան ներդրումներ եւ չեն էլ կարող լինել, որովհետեւ ներդրում անելու ցանկություն ունեցող ցանկացած բիզնեսմեն համար ամենի կարեւորն անվտանգությունն ու կայությունն են: Կիսապատերազմական երկրում ո՞վ ներդրում կանի: Հիմա ներքին շրջանառության հաշվին ցույց են տալիս ցուցանիշներ: Գնաճի մասով էլ կա լուրջ խնդիր: Հաջորդ լուրջ խնդիրը արտագաղթն է: Պաշտոնական վիճակագրությամբ սեպտեմբերի դրությամբ Հայաստանը լքել է 106 հազար մարդ: Սա աննախադեպ արտահոսք է: Եթե Նիկոլ Փաշինյանը վաղը որեւէ երկրի պարտադրանքով ինչ-որ մի նոր բան ստորագրեց, այդ ժամանակ ի՞նչ է լինելու»,-ասել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը