«Հայաստանն առանց Արցախի ապագա չունի՞ թեզը շատ վտանգավոր է եւ կխանգարի մեզ՝ երաշխավորել Արցախի ապագան»,- այս կարծիքին է իշխող խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը:
«Ժողովրդավարության եւ անվտանգության հարցերի հայկական կենտրոնի» կազմակերպած քննարկման ժամանակ արտահայտած իր տեսակետը Վիգեն Խաչատրյանը հորդորեց ընկալեն իբրեւ իր եւ ոչ թե քաղաքական մեծամասնության պատգամավորի գնահատական:
Եթե այդպես ենք մոտենում հարցին, ըստ նրա, մեր խնդիրը փաթաթում ենք մեր գործընկերների վզին: Բայց, միաժամանակ, իր կարծիքով, սա չի նշանակում հրաժարվել Արցախի խնդիրը հետապնդելու նպատակից, բայց գերնպատակը ՀՀ-ն է, ոչ թե Արցախը:
Վիգեն Խաչատրյանի համոզմամբ, մենք չենք լուծել կարեւոր հարց, որ Արցախի հետ կապված հարցերում Հայաստանը մեկ ճակատով, դիրքորոշմամբ եւ նպատակով հանդես գա: Սրա համար նախ պետք է փորձագետներից սկսել՝ հնարավորինս ընդհանրացնելով մոտեցումները, տարաձայնությունների մասին լռելով՝ դրանով իսկ հակառակորդին մեզ մասնատել-բզկտելու նյութ չտալ:
Նա պատմական էքսկուրս կատարեց՝ ասելով, որ ոչ միասնականության արդյունքում միշտ տապալել ենք հայկական հարցը, հիմա էլ միասնականություն չկա եւ Արցախի հարցը իշխանության գալու թատերաբեմ չպետք է լինի: Վիգեն Խաչատրյանը չի կարծում, որ տարաձայնություններ չպիտի լինեն, կարծում է, որ դրանք պետք է չբարձրաձայնվեն, փոխարենը պետք է ձեւակերպենք մեր շահերը եւ թելադրենք, ոչ թե այլոց շահերի մեջ մերը փնտրենք: Վիգեն Խաչատրյանը գտնում է, որ հայկական շահերը ձեւակերպելու եւ առաջ տանելու համար այժմ բացառիկ նպաստավոր իրավիճակ է:
Ըստ բանախոսի, Արցախի հարցի պատմաիրավական ասպեկտը փորձագիտական-հանրային շրջանակները պետք է քննարկման առարկա դարձնեն, ինչը չի արվում: Նա նաեւ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ վերջին 300 տարում այդ տարածքները եղել են վիճելի եւ երբեք խոսք չի գնացել, որ դրանք Հայաստանին են պատկանում, այլ ՌԴ-ի՞ն, Թուրքիայի՞ն, թե՞ Իրանին եւ կոչ արեց իրականությանն ուղիղ նայել եւ խոսել ոչ թե տարածքների պատկանելիության մասին, այլ այն մասին, որ այդ տարածքներում մարդկանց անվտանգությունը վտանգված է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը