ՀՀ Գորիս-Որոտան ճանապարհահատվածից ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի երկու բնակիչների անհետանալու հարցով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը խոսել է ՀՀ ԱԱԾ-ի հետ:
ԱԱԾ-ն հաստատել է, որ Քասախից մեր հայրենակիցները շեղվել են ճանապարհից ու հայտնվել այնպիսի հատվածում, որ ներկայում գտնվում է ադրբեջանական վերասկողության ներքո:
«Կշարունակենք համագործակցել ԱԱԾ մեր գործընկների հետ՝ մեր իրավասության շրջանակում: Կարող եմ հավաստել, որ այս պահին ԱԱԾ-ն ակտիվ միջոցներ է ձեռնարկում՝ մեր հայրենակիցներին վերադարձնելու համար: Ինքս խոսել եմ անհետացածների ընտանիքների անդամների հետ: Այս քննարկումից էլ է ենթադրվում, որ շեղվել են: Խոսել եմ նաև Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարի հետ: Տեղեկացրել եմ խնդրի մասին, փոխանցել մեր ձեռք բերած տվյալները և խնդրել հարցը պահել անմիջական ուշադրության ներքո», - ֆեյսբուքում գրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
«Եվս մեկ անգամ շեշտում եմ. մենք ինքներս պետք է ստեղծենք մեր իրավունքների պաշտպանության ու անվտանգության երաշխիքներ: Մինչև դա չանենք, այսպիսի դեպքերը չեն վերանալու: Միշտ լինելու է անորոշություն: Գրեթե 1 տարի է, ինչ խնդիրների մասին այդքան զգուշացնում եմ կոնկրետ փաստերով», - նշել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը