15 09 2021

Կառավարությունն անհամաչափ բեռ է դնում թերևս ամենախոցելի խավերից մեկի վրա․ Վահրամ Թոքմաջյան

Կառավարությունն անհամաչափ բեռ է դնում թերևս ամենախոցելի խավերից մեկի վրա․ Վահրամ Թոքմաջյան

Ստիպելով ուսուցիչներին պատվաստվել կամ երկու շաբաթը մեկ թեստ հանձնել, կառավարությունն անհամաչափ բեռ է դնում թերևս ամենախոցելի խավերից մեկի վրա, ֆեյսբուքյան իր էջում գրել է ուսուցիչ, պատմաբան Վահրամ Թոքմաջյանը։

«Հասկանալի է, որ ուսուցիչները վճարվում են պետության կողմից ու կառավարությունն ունի լրացուցիչ լծակ ստիպելու որոշակի գործընթացներ։ Մյուս կողմից, հաշվի առնելով հատկապես ուսուցիչների սոցիալական վիճակը, մարդիկ ամեն օր ապրում են աշխատանքը կորցնելու վախով։ Իսկ հակահամաճարակային ձախողված քաղաքականությունը էլ որտե՞ղ կարելի է ամենահարմար ձևով կոմպեսացնել։

Մյուս կողմից, առողջապահության նախարարի որոշումը, որևէ հիմք չի կարող հանդիսանալ աշխատանքային պայմանագիրը լուծելու համար, եթե իհարկե շատ արագ ու գաղտագողի համապատասխան օրենսգրքում, օրենքներում փոփոխություններ չանեն։

Ամիսը երկու անգամ թեստ հանձնելու բեռը դնելով ուսուցչի վրա, մի մեծ խմբի զրկում ենք անգամ երաշխավորված 68.000 դրամ աշխատավարձի նվազագույն շեմից։ Հատկապես մարզերում, երբ շատ քչերն ունեն լրիվ ծանրաբեռնվածություն, ստացվում է, որ մարդիկ աշխատավարձի կեսը, որոշ դեպքերում նաև կեսից ավելին տալու են ՊՇՌ թեստերին։ Հետաքրքիր է, ընդհանրապես ԿԳՄՍ նախարարը տեղյա՞կ է իր ոլորտի աշխատողների սոցիալական վիճակից, նախարարներով որ հավաքվում են, էս մասին խոսու՞մ է, որևէ քայլ ձեռնարկո՞ւմ է։

Պետությունն իր վրա պետք է վերցնի ուսուցիչների թեստավորման ծախսը, եթե այս անիմաստ որոշման մեջ հաստատակամ են։ Այլ լուծում չկա», - գրել է Վահրամ Թոքմաջյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ