Արդարադատության նորանշանակ նախարար Կարեն Անդրեասյանը լրագրողներին ահաբեկիչների հետ համեմատելուց հետո անցավ դատավորներին: Հանրային հեռուստաընկերության եթերում խոսելով դատաիրավական համակարգի բարեփոխումների մասին դատավորներին, կամ ավելի ճիշտ որոշ դատավորների անվանեց փչացած:
Նա նորից կրկնեց իր քաղաքական առաջնորդի թեզը, որ որոշ դատավորներ ընտրությունների ժամանակ շեֆեր էին փնտրում, որ գան իրենց տիրություն անեն: Ի տարբերություն Փաշինյանի, սակայն, Կարեն Անդրեասյանը, այնուամենայնիվ մի փոքր զգուշավոր է մոտենում հարցին: Նա սկզբում ասում է դատավորներն այսպիսին են, հետո ինքն իրեն խմբագրում՝ ոչ բոլորը, նրանցից 30-40-ը միայն:
Նախարար Անդրեասյանն ասում է՝ պետք է հասկանանք այդ դատավորների փչացածության մակարդակը, որ կարողանանք դա վերացնել: Ինչպես ինքը նշեց մի քանի անգամ իր նախարարությունը, ասել է թե Արդարադատության նախարարությունը օրենսդրական լուծումներ է մտածում այդ ուղղությամբ: Հանդիպումներ է ունենում ոլորտային մասնագետների, ՀԿ-երի, միջազգային գործընկերների հետ:
Անդրադառնալով այս իշխանության կողմից դատավորների գլխին որպես սուր ճոճվող վեթինգին՝ Կարեն Անդրեասյանը պատասխանում է, որ ամեն ինչ այդքան հեշտ չէ:
«ՀԿ-երը ասում են, որ վտանգ կա իշխանահաճո դատավորներին թողնելու, ես սրտի մրմուռով համաձայնվել եմ 2-3 տարի սպասել, չեմ ուզում, որ ասեն դատավորներին ընտրում են Կարեն Անդրեասյանի ճաշակով»,-ասում է նա:
Նորանշանակ նախարարը մի դեպքում ասում է, որ տեսեք-տեսեք մեր իշխանությունը չի զանգում դատավորներին, թելադրում, որպես օրինակ էլ բերում է, թե ԲԴԽ-ն մերժել է դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նախկին նախարարի հարուցած վարույթները: Մի քանի րոպե անց էլ ասում, որ իրենք բազմաթիվ նոր վարույթներ են ներկայացնելու ԲԴԽ և որոշակիորեն ԲԴԽ-ին ուղղորդում, թե ինչ անեն:
Վերջում էլ «սրտի մրմուռով» վեթինգի հետաձգմանը համաձայնած Անդրեասյանը խոսքն ավարտում է հետաքրքիր ձևակերպմամբ:
«Սենց հեշտ է թվում, գնա հանի դուրս շպրտի, իմ ձեռքը լիներ, կես ժամում վեթինգն արել, վերջացրել էի, բայց ցավոք սրտի կա օրենք այս երկրում»:
Առաջին հայացքից, կարելի է մտածել, որ նախարարը ընդամենը վրիպել և ավելորդ բառ է օգտագործել, բայց մեր կարծիքով Անդրեասյանը գաղտնազերծում է, թե ինչպես են մտածում իրենք ոչ հրապարակային շփումներում, և որ կարևոր է՝ ինչի համար են իրեն գործուղել Արդարադատության նախարարություն: Այն է՝ ազատվել անցանկալի դատավորներից, հանել, դուրս շպրտել: Ինքն էլ համաձայնել է, բայց կա խանգարող մի փոքրիկ մանրուք, այն է, որ այս երկրում, ի դժբախտություն Անդրեասյանի և ի ուրախություն պետության կա օրենք: Գուցե մի փոքր զավեշտալի հնչի նախարարի այս հայտարարությունը, երբ վերջին երեք տարիներին ՀՀ-ում չի գործում որևէ օրենք, իշխանությունն անում է այն, ինչ ուզում է, ՍԴ կազմի փոփոխությունն ու դատարանների շրջափակումը վառ օրինակ: Այնուամենայնիվ, օրենքի առկայությունը որոշ չափով կաշկանդում է այս մարդկանց՝ թույլ չտալով երկիրը վերածել անարխիայի:
Այս համատեքստում նաև հետաքրքիր է մեկ հարց: Անդադար քաղաքական թիմի անունից խոսող Անդրեասյանը արդյո՞ք լսել է Փաշինյանի այն հայտարարությունը, որ օրենքը կապ չունի, ժողովուրդը իրեն դատել է իր ընտրությամբ:
Հիշո՞ւմ եք չէ, պատասխանելով դավաճանության մեղադրանքի գործով հարցաքննվելու հարցին, Փաշինյանն ասաց, որ դրա կարիքը չկա, քանի որ ժողովուրդն արդեն պատասխանը տվել է իր քվեարկությամբ:
Հիմա օրենքո՞վ է, թե ամեն դեպքում «ժողովո՞ւրդն է» որոշում մեր երկրում: Դե իսկ «ժողովուրդ» ասելով, ՔՊ-ականները իհարկե իրենք իրենց են համարում ու փողոցներում թաքնվոմ թիկնապահների ետևում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը