20 08 2021

«Արցախի վերաբերյալ կառավարության ծրագրում չկա հստակություն». Վահրամ Բալայան. 168.am

«Արցախի վերաբերյալ կառավարության ծրագրում չկա հստակություն». Վահրամ Բալայան. 168.am

Նյութը՝ 168.am

Արցախի Հանրապետության ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Վահրամ Բալայանի  խոսքով՝ օրերս Նիկոլ Փաշինյանի ներկայացրած ՀՀ կառավարության 5-ամյա ծրագրի այն հատվածում, որտեղ Արցախի վերաբերյալ դրույթներն են նշված, չկա հստակություն, պետք է  հստակ լինեն ապագա այն քայլերը, որոնք պետք է իրականացնի ՀՀ իշխանությունն Արցախի անվտանգության ապահովման և  կարգավիճակի առնչությամբ։

«Արցախի վերաբերյալ կառավարության ծրագրում չկա հստակություն, որոնք  պետք է հետապնդեն մի քանի նպատակ, առաջինը՝ հայ հասարակությանը, տվյալ պարագայում՝ Հայաստանի, Արցախի ու սփյուռքի մեր հայրենակիցներին ինչ-որ տեղ մեսիջ ուղղվի, որ Հայաստանը շարունակում է կանգնել այն գծի վրա, որի նպատակը Արցախի ժողովրդի ինքնորոշման ճանաչումն է։ Արցախի առաջին պատերազմից հետո Ադրբեջանը՝  որպես պարտվող կողմ, մշտապես հայտարարել է, որ պարտվող կողմ չէ և ունի ծրագիր՝ Արցախն իրենցը դարձնելու, և այն տարածքները, որոնք ազատագրվել էին՝ վերադարձնելու։ Ինչպես ասում են, Ադրբեջանը գրեթե հասել է իր նպատակին։ Բայց հակառակորդ կողմը պետք է իմանա, որ Հայաստանն ու Արցախն ունեն նպատակ, ցանկություն Արցախը պահպանելու վերաբերյալ։ Նաև՝ բարեկամ երկրները պետք է հասկանան, թե վերջիվերջո մենք ինչ ենք ուզում։

 
 

Երկար տարիներ մենք խոսում էինք Արցախի անկախության ճանաչման մասին, բայց գործնական քայլեր չկային։ Մյուս կողմից էլ՝ ՀՀ քաղաքական էլիտայի մեջ կային մարդիկ, որոնք կարծում էին, որ Արցախը պետք է միացվի Հայաստանին, այսպիսի երկվության պայմաններում մեր կողմնակիցների ու բարեկամների շրջանում նման անորոշություն է առաջանում։ Կառավարության ծրագրում գտած դրույթները պետք է ուղերձ լինեն մեր բարեկամներին, որպեսզի հասկանան՝ մեր ընտրած ճանապարհին ի վիճակի՞ են մեզ աջակցելու, թե՞ ոչ։ Այս հարցերը պետք է հստակեցվեն։ Եթե մենք ուզում ենք իսկապես գործնական քայլեր կատարել և ըստ էության  գործընթացներից դուրս չմնալ, ապա պետք է Կառավարության ծրագրի մեջ մեր բոլոր նպատակներն արտացոլվեն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Վահրամ Բալայանը։

 

Ինչ վերաբերում է  այն հանգամանքին, որ Կառավարության ծրագրում բացակայում է  Արցախի Հանրապետություն եզրույթը, Վահրամ Բալայանը նկատեց՝ վերջին հաշվով այս ամենն այն կուրսի շարունակությունն է, ըստ որի՝ ՀՀ իշխանությունը հստակություն չունի Արցախի Հանրապետության կարգավիճակի առումով, այդ պատճառով էլ խուսափում են Արցախի Հանրապետություն եզրույթն օգտագործել։

«Մյուս կողմից էլ՝ գուցե փորձում են խուսափել Ադրբեջանի ճնշումներից, այդ թվում՝ դրսի ուժերի ճնշումներից։ Բայց մեծ հաշվով  խույս տալով՝ այդ ամենը մեզ լավ տեղ չի տանելու։ Չերչիլը հայտնի խոսք ունի, ասում է՝ եթե խուսափում ես պատերազմից ու անարժանապատվությունից, ապա ստանում ես և՛ առաջինը, և՛ երկրորդը։ Այսինքն՝ եթե կա ազգային տեսլական, ապա այդ ամենը պետք է հստակ ներկայացվի, ինչը նաև դաստիարակչական նշանակություն ունի, որովհետև ի վերջո դպրոցում սովորող երեխան պետք է հասկանա, թե ինչ է ուզում։ 10-20 տարի հետո գուցե այդ երեխաները դառնան իշխանություն և փորձեն այդ տեսլականով առաջնորդվել»,- եզրափակեց Վահրամ Բալայանը։

Կայքը հիշեցնում է, որ  Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 18-ին Կառավարության ծրագիրը ներկայացնելիս անդրադարձել էր նաև Արցախի հիմնախնդրի կարգավորմանը, ծրագրով նախանշված քայլերին։

«Մենք տարածաշրջանի խաղաղության և կայունության համար էական ենք համարում թշնամական մթնոլորտի կառավարումը և հաղթահարումը մեր տարածաշրջանում։ Տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը արձանագրում ենք՝ որպես մեր երկարատև ռազմավարություն։

Հաջորդ գործոնը, որը կարող է էական ազդեցություն ունենալ մեր անվտանգության համակարգում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է։ Մենք ընդգծում ենք համանախագահության դերը ղարաբաղյան հիմնախնդրի լուծման և ԼՂՀ վերջնական կարգավիճակի հստակեցման գործում։ Մեր դիրքորոշումն այն է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով խաղաղ բանակցային գործընթացի լիարժեք վերականգնումն էական գործոն է տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովման իմաստով։ Այս առումով ուզում եմ ընդգծել, որ Կառավարության ծրագիրն ըստ էության որոշակի դիրքավորում է ձևակերպել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հուլիսի 29-ի հայտարարության նկատմամբ, այն առումով, որ մենք մեր ծրագիրը և ծրագրային դրույթները ձևակերպել ենք այնպես, որպեսզի այն մաքսիմալ համարժեք լինի ԼՂՀ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերականգնման վերաբերյալ Մինսկի խմբի համանախագահության կոչին, նախապայմաններ չենք առաջադրել, ընդհակառակը՝ ամեն ինչ արել ենք, որպեսզի բանակցային պատշաճ միջավայր ձևավորվելու համար անհրաժեշտ մեր անելիքները ձևակերպենք, և բանակցային գործընթացը որևէ կերպ խոչընդոտելու միտում արտահայտված չլինի ծրագրում»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ