ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Ադրբեջանցի նախկին դիվանագետ Իսֆանդիար Վահաբզադեն օրերս հեռարձակած տեսաուղերձում վիրավորական արտահայտություններ է արել ռուս ժողովրդի հասցեին։ Ի պատասխան, որպես ազգամիջյան թշնամանք տարածողի, Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը 50 տարով արգելափակել է նրա մուտքը երկրի տարածք։
Ռուսների հասցեին Իսֆանդիար Վահաբզադեն ավելի վաղ էլ է թույլ տվել վիրավորական, հեգնալից արտահայտություններ։ Մասնավորապես նորությունների «Еврейская правда» կայքէջում հրապարակված խոսքում ասել է հետևյալը․ «Ռուսներն արմատ չունեն։ Ռուսներն առաջացել են երկու ազգությունների՝ մոնղոլների ու հրեաների սինթեզի արդյունքում։ Իսրայելն ի զորու չէ այդքան հրեա ընդունելու։ Հարկ կլինի մայրաքաղաքը տեղափոխել Մոսկվա, և Պուտինին ընտրել վարչապետ»։
Ռուսական կողմի բողոքի հուժկու ալիքի տակ զանգվածային լրատվության ադրբեջանական միջոցները նրան անմիջապես կարգեցին ընդդիմադիր գործիչ՝ անվանելով «տհաս», «բրեժնևյան լճացման արդյունք», «սատանայական աղբ»։
Ադրբեջանցիներին հիշեցնենք, որ իրենց որակած տհասը տարբեր տարիների աշխատել է ԽՍՀՄ պաշտպանության նախարարության համակարգում, ԳՀՎ-ի (ГРУ) գնդապետ է, ՄԱԿ-ում եղել է Ադրբեջանի ներկայացուցիչ, դեսպան է աշխատել Մոլդովայում, Պակիստանում, Բելառուսում, պարգևատրվել է մի շարք երկրների մեդալներով ու շքանշաններով։
Իսֆանդիարի հայրը Ադրբեջանի ժողովրդական պոետ, արվեստի վաստակավոր գործիչ, բանասիրական գիտությունների դոկտոր Բախտիար Վահաբզադեն է, ով 2000-ականների սկզբներին ազգային խնդիրների շուրջ Հեյդար Ալիևի հետ հանդիպմանը չափազանց կտրուկ է արտահայտվել ադրբեջանցի ազգ արտահայտության վերաբերմամբ՝ հայտարարելով, որ չկա նման հասկացություն, որ ադրբեջանցիները թուրքեր են։
Հատկանշական է, որ Իսֆանդիար Վահաբզադեն «Իրավունք և արդարություն» կուսակցության անդամ է, որը 2019-ի վերջին հիմնադրվել է հայր Ալիևի մերձավորագույն ընկեր, նախկին առողջապահության նախարար, ներկայումս էլ իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության ակունքներում կանգնած Ալի Ինսանովի կողմից։ Հետևաբար կարող ենք փաստել, որ «Իրավունք և արդարություն» կուսակցությունը կեղծ ընդդիմություն խաղալու համար ադրբեջանական տոտալիտար ռեժիմի ստեղծած պրոեկտ է, իսկ Իսֆանդիար Վահաբզադեն իրականում ադրբեջանական իշխանության խոսափողն է, ով «ընդդիմադիր» կեցվածքով ներկայացնում է ռուսների նկատմամբ իշխանությունների իրական վերաբերմունքը, քաղաքական դիրքորոշումը։
Վերջին շրջանում հակառուսական արտահայտություններ է արել նաև Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր, իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության անդամ Էլման Մամեդովը։
Այսպիսով Իսֆանդիար Վահաբզադեի և Էլման Մամեդովի հակառուսական հայտարարություններն ակնհայտորեն իջեցված են իշխանությունների կողմից, ունեն համակարգային բնույթ, իրական վերաբերմունքն են Ռուսաստանի ու ռուս ժողովրդի հանդեպ։
Ռուսաստանի նկատմամբ ադրբեջանաթուրքական տանդեմի այս թշնամական, ռասսայական խտրական մոտեցումը, ինչպես նաև Աֆղանստանում պրոպակիստանյան թալիբների իշխանության գալը ռուսներին ակնհայտորեն կանգնեցնելու է նորանոր խնդիրների առջև և դեռ հիշելու ենք, թե կալաշնիկովյան հայտնի ծուղրուղուն իրականում ով է կանչելու, արդյունքում վերջ է դրվելու ռուս-թուրքական սիրախաղին։ Ստեղծված իրավիճակը մենք պետք է ճիշտ գնահատենք, պատրաստ լինենք հնարավոր կտրուկ զարգացումներին։ Ի դեպ՝ սեփական շահերը պաշտպանելը կարելի է սկսել բոլոր այն երկրների քաղաքացիների մուտքը Հայաստան արգելելուց, ովքեր հակահայկական դիրքորոշում ունեն, ազգամիջյան թշնամանք են բորբոքում»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը