Հայաստանի և Ադրբեջանի սահմանային շփման գծի երկայնքով ադրբեջանական զորքերի կուտակումը հաստատապես վկայում է, որ պատերազմի հավանականությունն առավել քան ռեալ է, օրերի հարց: Այս իրավիճակը մեզ համար կանխատեսելի էր և այդ պատճառով դեռևս ընթացիկ տարվա մարտի 28-ին մենք համատեղ հայտարարությամբ դիմել էինք Նիկոլ Փաշինյանին «ՀԱՊԿ կողմից Հայաստանին առաջարկվող օժանդակության փաթեթը ստորագրելու, իսկ անհրաժեշտության դեպքում Հայաստանի և Ադրբեջանի շփման գծի ամբողջ երկայնքով նաև ՀԱՊԿ խաղաղապահ զորախումբ տեղակայելու խնդրանքով ՀԱՊԿ-ին դիմելու պահանջով», ինչը սակայն Ն․ Փաշինյանի կողմից մնաց անարձագանք: Ավելին, առ այսօր ՀԱՊԿ-ի հետ որևէ համաձայնություն ձեռք չի բերվել: Այս անգործությունը կործանարար է լինելու երկրի համար, քանի որ չկա այլ իրական ուժ, երաշխիք, որը կարող է զսպել ադրբեջանաթուրքական ուժերին և կանխել մոտալուտ արհավիրքը: Հետևաբար ստիպված մենք կրկին դիմում ենք Ն․ Փաշինյանին ու ՀՀ ուժային կառույցների մեր գործընկերներին հետևյալ
ԿՈՉ-ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ
Ս/թ օգոստոսի վերջին և սեպտեմբերի առաջին տասնօրյակում Ադրբեջանը զինանձնակազմ և ռազմական տեխնիկա կենտրոնացրեց Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի սահմանների մոտ, որն ուղեկցվեց ծանր հրետանու, սպառազինության և ռազմական տեխնիկայի տեղաշարժով։
Սահմանային լարվածությունը կտրուկ թեժացավ սեպտեմբերի 1-ին, երբ Սոթքում ադրբեջանական զինված ուժերի նախահարձակ գործողությունների հետևանքով զոհվեց երեք և վիրավորվեց երկու հայ զինծառայող։ Շարունակվում են հրադադարի ռեժիմի խախտումների վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի փոխադարձ մեղադրանքները։ Ադրբեջանում ընթանում է պահեստազորի զորահավաք։ Ադրբեջանը հայտարարում է, որ տարածաշրջանային անվտանգության իրական սպառնալիքը Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից իրականացվող սադրանքներն են, Ադրբեջանին ուղղված տարածքային պահանջները և հայկական զինված ուժերը, որոնք, ըստ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված եռակողմ համաձայնագրերի, դեռևս դուրս չեն բերվել Լեռնային Ղարաբաղից։
Զուգահեռաբար Ադրբեջանը շարունակում է խոսել «Զանգեզուրի միջանցքի» մասին, որի գործարկման աշխատանքները նախատեսում է ավարտել 2024-ին: Իրականությունը գլխիվայր ներկայացնող Ադրբեջանի ղեկավարության փաստացի նպատակն է ինքնիշխան Հայաստանի որոշ տարածքներ բռնազավթելը, նրանից այլևս օտարված տարածքները Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիներով բնակեցնելը, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ էթնիկ զտումներ իրականացնելը, ցեղասպանության ենթարկելը։
Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականությունը հիմնված է նաև ԵՄ-ի համապատասխան կեցվածքի և Նիկոլ Փաշինյանի կողմից կատարվող քայլերի վրա։
ԵՄ քաղաքականությունը այս տարածաշրջանում առավել քան պրագմատիկ է, Բրյուսելը չի դիտարկում Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման հնարավորությունը։
2022թ․ հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանին պարտադրվեց ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` ներառելով Լեռնային Ղարաբաղը, որի կարգավիճակը հետագայում որոշելու ՌԴ նախագահի առաջարկը փոխարինվեց այդ տարածքում բնակչության իրավունքների պաշտպանությամբ և անվտանգության ապահովմամբ։
2022թ. հոկտեմբերից Հայաստանում գտնվող և 2023 թվականից թվաքանակն էականորեն ավելացրած ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ միայն ի վիճակի չեղավ զսպել Ադրբեջանին և կայունացնել իրավիճակը, այլև էլ ավելի սրեց հակասությունները։ ԵՄ դիտորդների տեղակայման ողջ ընթացքում մարդկային զոհերով ուղեկցվող հայ-ադրբեջանական միջադեպերը դրա վկայությունն են։
ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության ռազմական ներկայության դեմ Հայաստանի օրվա իշխանությունների բացահայտ մերժողական կեցվածքը դրսևորվեց ՀՀ կառավարության սեպտեմբերի 7-ին նիստին Ն. Փաշինյանի ելույթով։ Կառավարության նիստում վերջինս հայտարարեց, որ տարածաշրջանում սրված է ռազմաքաղաքական իրավիճակը և որ Ադրբեջանը զորքեր է կուտակում Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով։
Ռուսաստանի նկատմամբ դաշնակցային-գործընկերային հարաբերությունները Հայաստանի օրվա իշխանություններն իրենց կառավարման հինգ տարիների ընթացքում փոխարինեցին որպես փաստացի հակառակորդ պետության հետ հարաբերությունների, որի բացահայտ գնահատականը եղավ Երևանի «անբարյացակամ գործողությունների» ֆոնին նոտայի տեսքով սեպտեմբերի 8-ին ՌԴ արտաքին գործերի նախարարության կոշտ բողոքը, որում մասնավորապես ասված է. «Արձանագրեցինք վերջերս Հայաստանի Հանրապետության պաշտոնական շրջանակներում և քաղաքական վերնախավում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում և Ռուսաստանի հետ երկկողմ հիմունքներով դաշնակցային կապերի նպատակահարմարության, ինչպես նաև 2020-2022 թթ. հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղիների մասին Մոսկվայի, Երևանի և Բաքվի միջև եռակողմ համաձայնագրերի իրագործելիության վերաբերյալ որոշակի կասկածների ի հայտ գալը։
Այս ֆոնին Հայաստանի ղեկավարությունը վերջին օրերին ձեռնարկել է մի շարք ոչ բարեկամական քայլեր, այդ թվում՝ ՄՔԴ Հռոմի ստատուտի վավերացման գործընթացի մեկնարկը, վարչապետի տիկնոջ՝ Ա.Վ.Հակոբյանի Կիև մեկնելը՝ Կիևի նացիստական ռեժիմին մարդասիրական օգնություն տրամադրելու նպատակով և ԱՄՆ-ի մասնակցությամբ Հայաստանի տարածքում զորավարժությունների անցկացումը։
Այս առնչությամբ Մոսկվայում Հայաստանի դեսպան Վ.Վ.Հարությունյանը կանչվել է ՌԴ ԱԳՆ և նրա նկատմամբ կոշտ հայտարարություն է արվել։ Բացի այդ, ուղարկվել է բողոքի նոտա, որում նշվում է սեպտեմբերի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Ա.Ռ. Սիմոնյանի կողմից ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ, Տեղեկատվության և մամուլի վարչության տնօրեն Մ.Վ.Զախարովայի և ընդհանուր առմամբ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հասցեին վիրավորական հայտարարությունների անընդունելիության մասին:
Միևնույն ժամանակ, Մոսկվան համոզված է, որ Ռուսաստանը և Հայաստանը մնում են դաշնակիցներ, և գործընկերության զարգացման և ամրապնդման բոլոր պայմանավորվածությունները լիովին կիրականացվեն՝ ի շահ մեր երկու երկրների ժողովուրդների։ Խոսքը, ի թիվս այլ հարցերի, վերաբերում է ՀԱՊԿ շրջանակներում վարժանքների կազմակերպմանը և հետագայում կազմակերպության դիտորդական առաքելության ուղարկմանը հանրապետություն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորմանը նպաստելու նպատակով։ Ռուսական կողմը կշարունակի գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերն այդ նպատակների համար»։
Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման համար Ն. Փաշինյանը սեպտեմբերի 9-ին դիմել է ԱՄՆ պետքարտուղար Բլինքենին, Գերմանիայի կանցլեր Շոլցին, Ֆրանսիայի նախագահ Մակրոնին, Իրանի նախագահ Ռաիսիին, Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլուն։
Եթե միջազգային հանրությունն ընդունելով Հայաստանի դիմումը, այսինքն` Փաշինյանի զանգերը, պարտադրում է Ալիևին ՀՀ-ի և Լեռնային Ղարաբաղի շփման գծից hետ քաշել զորքերն ու վերադառնալ բանակցային սեղանի շուրջ, ընդունել Փաշինյանի խոստումները, այն է՝ Լեռնային Ղարաբաղը, Հայաստանի 8 անկլավներն Ադրբեջանի մաս են, Հայաստան պետք է վերադառնան ադրբեջանցի փախստականները, բացվի «Զանգեզուրի միջանցքը», ապա Ալիևը ստանում է նվազագույնն այն, ինչը ցանկանում է։ Փաստացի Հայաստանի ապագան կառուցվում է պետության կազմաքանդման գործնական քայլերով։
Եթե միջնորդների ջանքերից հետո Ալիևը Փաշինյանի հետ մասնակցում է բանակցությունների և եթե Փաշինյանն այս կամ այն պատճառով հրաժարվում է ստորագրել «խաղաղության պայմանագիրը», ապա Ալիևը ստանում է նոր պատերազմ սկսելու լիակատար ազատություն: Որպես հետևանք՝ միջնորդ պետությունների ղեկավարները ոչինչ չեն ձեռնարկելու այդ պատերազմը կանխելու կամ զսպելու համար։ Այսինքն` Ալիևն ուժի կիրառման սպառնալիքով «խաղաղության պայմանագրով» ստանում է իր առավելագույնը կամ ստանում է պատերազմի իրավունք։
Առանց պատերազմի, «խաղաղության պայմանագրի» ներկա պայմանների և նվազագույն կորուստներով իրավիճակի հանգուցալուծումը կարող է լինել միայն, եթե Փաշինյանի կողմից ստորագրվի «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանն օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը։
ՀԱՊԿ ղեկավարության, ինչպես նաև ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից բազմիցս հայտարարվել է, որ հայ-ադրբեջանական սահման դիտորդական առաքելության ուղարկելու, ՀԱՊԿ խաղաղապահ զորախումբ տեղակայելու և ՀԱՊԿ ռազմատեխնիկական օժանդակություն տրամադրելու, համատեղ զորավարժություններ անցկացնելու առաջարկը սեղանին է և հայկական կողմի համաձայնության դեպքում այն կարող է հրատապ կերպով իրականություն դառնալ։
Հաշվի առնելով Հայաստանի և Արցախի առջև առկա մահացու սպառնալիքները, նոր լայնածավալ ռազմական գործողությունների կամ պատերազմի մեծ հավանականությունը, Նիկոլ Փաշինյանից վերստին
ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ`
1. անհապաղ ստորագրել ՀԱՊԿ կողմից Հայաստանին առաջարկվող օժանդակության փաթեթը և դրական պատասխանել Հայաստանի ու Ադրբեջանի շփման գծի ամբողջ երկայնքով ՀԱՊԿ խաղաղապահ զորախումբ տեղակայելու ՀԱՊԿ առաջարկը, միաժամանակ պատրաստվելով Հայաստանում իրականացնել նախկինում մերժած ՀԱՊԿ երկու զորավարժությունները,
2. դիմում ենք Հայաստանի Հանրապետությունում նախկինում քաղաքական կամ ռազմական բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց, ուժային կառույցների պահեստազորի գեներալներին և սպաներին ՀԱՊԿ օժանդակությունն անհապաղ իրականություն դարձնելու հարցում կոշտ հրապարակային կեցվածք դրսևորելու հորդորով,
3. ուժային կառույցների գործող ղեկավարներին, գեներալներին և սպաներին կոչ ենք անում դրսևորել կամք և իրենց լիազորությունների շրջանակներում թույլ չտալ Հայաստանի համար խիստ վտանգավոր իրադարձությունների զարգացումը, որոնք բերելու են տարածքային և մարդկային նոր կորուստների, պատերազմի, ազդել երկրի քաղաքական ղեկավարության վրա, չսպասարկել հակառակորդի շահերը և ընդունել ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանին առաջարկվող օգնության փաթեթը, այլապես կիսելու եք հետևանքների պատասխանատվությունը։
11.09.2023թ., ԵՐԵՎԱՆ
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը