29 01 2024

Ադրբեջանը հիմա էլ թիրախավորել է լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանին. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

Ադրբեջանը հիմա էլ թիրախավորել է լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանին. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

«ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ն ֆեյսբուքյան էջում գրել է.

« Պատմությունն անվերջ կեղծելով  ու դրա  համար անպատիժ մնալով,  ստի հենքի վրա երկիր դառնալով ու  ազգություն ձեռք բերելով՝ ադրբեջանցիները հիմա էլ թիրախավորել են լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանին` ամեն կերպ նսեմացնելով նրա բացառիկ դերակատարությունը «Թեհրան-43» կոնֆերանսում Մեծ եռյակի անվտանգությունն ապահովելու, գերմանական հետախուզության քայլերը վնասազերծելու գործում:

Ադրբեջանցիների միֆական երևակայությունը հորինել է Մահմեդ  Հուսեյին Ասադովին` նրան վերագրելով Գևորգ Վարդանյանի ու նրա խմբի բացառիկ մասնակցությամբ, Իվան Աղայանցի գլխավորությամբ իրականացված օպերացիայի դափնիները:

Զավեշտն այն է, որ ադրբեջանցիներին չի կանգնեցում ոչ միայն այն փաստը, որ իր անուրանալի ծառայությունների, այդ թվում և  թեհրանյան կոնֆերանսի  անվտագության ապահովման համար Գևորգ Վարդանյանը ԽՍՀՄ հետոախուզության պատմության մեջ պատերազմից հետո Խորհրդային Միության հերոսի կոչմանն արժանացած առաջին անլեգալ հետախույզն է, այն կարգի կարևորության դեմք, ում ընդունելու անհրաժեշտությունն է կարևորել ՌԴ նախագահ  Վլադիմիր Պուտինը, ով չնայած իր բազմազբաղ գործունեությանը, նաև անձամբ է մասնակցել Գ․ Վարդանյանի սգո արարողությանը`  ծնկելով նրա այրու` ոչ պակաս նշանավոր հետախույզ Գոհար Վարդանյանի առաջ:

Հետաքրքրիր է, որ պատմության հեռացող գնացքի ուղևոր դառնալու փորձ կատարող, պատմություն մոգոնող ադրբեջանցի զեղծարարներին դեռևս 2020թ. է հուժկու հարված է հասցրել eadaily.com/ru լրատվականը,  որը մանրամասների մեջ  արձանագրել է  նրանց  կեղծարարությունը ոչ միայն Գ․ Վարդանյանի, այլև    պատերազմի մասնակիցների ու հերոսների ցուցակների  հավելագրման,   «նորահայտ» պարտիզանների ու հետախույզների ի հայտ բերման, այլոց վաստակի յուրացման  հետ կապված։

Ադրբեջանական կեղծիքների մերկացման առարկայական օրինակ էր և 2023-ին ռուսական RTR  հեուստատեսությամբ հեռարձակված փաստավավերագրական ֆիլմը՝ նվիրված Գ․ Վարդանյանի գործունեությանը, նրա անուրանալի ներդրմանը «Թեհրան-43»-ում։ Սակայն ինչպես երևում է, ադրբեջանական կողմի համար առավել ռեալ փաստարկ է ստի ու կեղծիքի տիրաժավորումը։ Սա առանձնապես վտանգավոր է   Գևորգ Վարդանյանի այս տարվա փետրվարի 17-ին լրացող ծննդյան 100-ամյակի նախաշեմին։

Ցավոք ինչպես ադրբեջանական մնացած կեղծիքների ու ստերի, այնպես և այս մեկի պարագայում հայաստանյան պրոպագանդան քնած է ուղտի ականջում։  Երևի թե տագնապում է, թե  ձայն հանելը կվնասի  խաղաղության դարաշրջանի բացմանը, մինչդեռ դիմացինը հետևողականորեն շարունակում է կեղծել, գողանալ մեր պատմությունը»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ