13 08 2021

Հակառուսական կրքերի բորբոքում Անդրկովկասում. շահագրգռված արտաքին ուժերը շարունակում են ճոճել նավակը». Տարասով

Հակառուսական կրքերի բորբոքում Անդրկովկասում. շահագրգռված արտաքին ուժերը շարունակում են ճոճել նավակը». Տարասով

Աղբյուրը՝ tert.am

Ռուսական Regnum լրատվական գործակալությունը հրապարակել է հոդված, որում հեղինակը՝ կովկասագետ, պատմական գիտությունների թեկնածու Ստանիսլավ Տարասովը, անդրադարձ է կատարել ռուս-ադրբեջանական հարաբերություններում վերջին օրերին առաջացած լարվածությանը:

«Երբ Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանին տված հարցազրույցում անդրադարձավ ռուս-ադրբեջանական հարաբերությունների որոշ ասպեկտների, միանգամից մի քանի հարց ծագեց: Բայց նախ, այն մասին, թե կոնկրետ ինչ է ասել Ժիրինովսկին: Նրա կարծիքով, Անդրկովկասում հակամարտություններից խուսափելու համար Ռուսաստանին անհրաժեշտ է «վերադառնալ» ԽՍՀՄ հարավային սահմաններին, իսկ «Հարավային Կովկասը Ռուսաստանի ազդեցության գոտին է»: Ժիրինովսկին հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին պետք է կանչել «գորգի վրա», ինչը «կարող է օգնել խուսափել Լեռնային Ղարաբաղում ռուս զինվորների մահից, իսկ անձամբ Ալիևին պետք է ասել.«Իլհամ, դու կունենաս քո ուզած տարածքը, բայց ոչ ոք իրավունք չունի նույնիսկ թեք նայելու որևէ ռուս զինվորի»:

Միգուցե Ժիրինովսկին ինչ-որ չափով կոպիտ Է խոսել, բայց, ընդհանուր առմամբ, նա ճիշտ է զգացել Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում առկա որոշակի յուրահատկությունը: Սակայն հարց է ծագում՝ ինչու Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդը որոշեց հենց հիմա ուշադրություն դարձնել այս խնդրին: Որոշ ռուս քաղաքագետների փաստարկները, թե իբր նա «ուշադրություն է գրավում այլ ազգությունների ներկայացուցիչների հետ կոնֆլիկտի միջոցով՝ նախընտրական արշավում միավորներ վաստակելու համար», չեն դիմանում տարրական քննադատությանը: Ժիրինովսկու ելույթը պայմանավորված էր նրանով, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարակել էր հայտարարություն, որում կտրուկ էր խոսել ոչ միայն Հայաստանի, այլև ռուս խաղաղապահների մասին: Բաքուն պահանջում է Մոսկվայից իրականացնել Հայաստանի զինված ուժերի մնացորդների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղի տարածքից, որը «ներառված է ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում»: Իրոք, Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը պարունակում է մի կետ, որում ասվում է, որ «Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայվում է հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ»: Մինչդեռ հայկական կողմը պնդում է մեկ այլ կետի`առաջինի կիրառումը: Այնտեղ ասվում է, որ նոյեմբերի 10-ի գիշերը լիակատար հրադադարից հետո «Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերի վրա»:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով 2020 թվականի դեկտեմբերին կայացած մամուլի ասուլիսում, հայտարարել էր, որ «կողմերը կանգ են առնում այն դիրքերում, որտեղ նրանք գտնվում էին եռակողմ հայտարարության ստորագրման ժամանակ»: Բայց հետո իրադարձությունները սկսեցին զարգանալ անսպասելի սցենարի համաձայն: Հայտնվեց կատակերգու Իդրակ Միրզալիզադեն՝ իրեն թույլ տալով անընդունելի կատակներ ազգամիջյան հողի վրա: Նրան հաջորդեց պաշտոնաթող ադրբեջանցի դիվանագետ Իսֆանդիար Վահաբզադեն, որը վիրավորական արտահայտություններ արեց Ժիրինովսկու, Ռուսաստանի և ռուս ժողովրդի հասցեին: Արտաքնապես, այս ամենը սկսեց ձևավորել ռուսատյացության արշավի զգացում, որը նախաձեռնվել էր Ադրբեջանում որոշակի ուժերի կողմից՝ այն ռուսական հարթակ տեղափոխելու փորձերով: Այս առումով հայտնվեցին տարբերակներ, ըստ որոնց, իբր, «մի տեսակ գաղափարական վարագույր է ստեղծվում Հարավային Կովկասում ավելի լուրջ սադրանքների համար՝ Բաքվի և Երևանի միջև լարվածության աճի ֆոնին» և որ փորձ է արվում խափանել Ադրբեջանի և Հայաստանի միջև հաշտության պայմանագրի կնքումը, որի երաշխավորը պետք է լինի Ռուսաստանը:

Եվ այստեղ մենք բախվում ենք պարադոքսալ իրավիճակի: Փաստն այն է, որ Ադրբեջանում և Հայաստանում ռուսատյաց ուժեր եղել են և կան, բայց դրանք տարբեր կերպ են կողմնորոշված: Միայն վերջին տարիներին հարյուրավոր հակառուսական հոդվածներ են հրապարակվել ադրբեջանական տարբեր ԶԼՄ-ներում`իշխանությունների լուռ համաձայնությամբ: Նույնը կատարվում է Հայաստանում: Հետևաբար, չպետք է զարմանալ, որ որոշակի փուլում ադրբեջանցի և հայ ազգայնականների դիրքորոշումներն ու նպատակները սկսում են սերտաճել: Այսպես, Երեւանում դժգոհ են գոյություն ունեցող Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան ռազմաքաղաքական մարտավարական դաշինքից, որն առաջացավ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ: Իր հերթին, Բաքուն զայրացած է, որ այս փուլում չի կարողանում օգտագործել Ռուսաստանի ռեսուրսը իր շահերից ելնելով, մասնավորապես ՝ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայության գործոնը: Բաքուն կնախընտրեր, որ Մոսկվան դուրս գար ԵԱՀԿ Մինսկի խմբից, որի ձևաչափով սպասվում է դիվանագիտական մեծ մենամարտ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի համար: Հետևաբար, կուլիսներում Բաքվի և Մոսկվայի քաղաքական հարաբերությունները հերթական բուռն շրջափուլ են ապրում:

Հարաբերությունների վատթարացման պատասխանատվությունը կրում է բացառապես Ադրբեջանը, որն իր գործողություններով խաթարում է բանակցային գործընթացը 2020 թվականի նոյեմբերի 9-ի խաղաղ պայմանագրի ձևաչափով և փորձում է յուրովի մեկնաբանել այն իմաստը, որը Ռուսաստանը դնում է «ռազմավարական գործընկերություն» հասկացության մեջ: Այնուամենայնիվ, կա մեկ կարևոր առանձնահատկություն. փաստն այն է, որ թե՛ Ադրբեջանից, թե՛ Հայաստանից ռուսատյաց միտումներն իրականացվում են ինչ-որ տեղ երրորդ կամ չորրորդ մակարդակում և զոնդաժային բնույթ են կրում: Այս կատեգորիային է դասվում Ժիրինովսկու հայտարարություն «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոյին տված հարցազրույցում: Դրա նպատակն է հասկանալ, թե որքանով է Բաքուն պատրաստ Մոսկվայից հետ կանգնելու: Եվ դրան հաջորդեց հստակ արձագանք: Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը դատապարտեց նախկին դեսպան Վահաբզադեին՝ մատնանշելով, որ նա «ոչ ոք» է Բաքվում, և «նրա հայտարարությունները ոչ մի նշանակություն չունեն իշխանությունների համար»: Համապատասխան հայտարարություններ են արել ադրբեջանական հասարակության ներկայացուցիչները, մասնավորապես՝ Ադրբեջանի ժողովրդական գրող Չինգիզ Աբդուլաևը, հայտնի դաշնակահար և կոմպոզիտոր Ֆարհադ Բադալբեյլին, որոնք հատուկ շեշտել են, որ «երկու երկրների միջև ամենաբարձր մակարդակով կա փոխըմբռնում»:

Դա այդպես է, բայց այսպես կոչված հետկոնֆլիկտային շրջանում Ադրբեջանի հապճեպ անտրամաբանական գործողությունները տարածաշրջանում ևս իրականություն են: Ընդհանուր առմամբ, դրանք նախատեսված են Անդրկովկասում Ռուսաստանի շահերի գործոնի բացահայտման համար, որոնք կարող են չհամապատասխանել ինչպես ադրբեջանական, այնպես էլ հայկական գաղափարներին: Իսկ մինչ այդ Մոսկվան նախընտրում է միջնորդի`վերևում գտնվող երկրի, այլ ոչ թե հակամարտության մասնակցի դերը: Բայց որքան ժամանակ նրան կհաջողվի պահպանել նման դերը, ոչ ոք չգիտի: Չգիտես ինչու, հայերը կարծում են, որ Ռուսաստանն անպայման պետք է պայքարի թյուրք ժողովուրդների դեմ, և ՀԱՊԿ-ն այն գործիքն է, որը կօգնի ստիպել Մոսկվային դա անել: Ադրբեջանցիները, ընդհակառակը, կարծում են, որ Ռուսաստանը պետք է «խաղա» միայն իրենց կողմից: Ինչ վերաբերում է Մոսկվային, ապա նա իր հետ խաղալ թույլ չի տալիս ո՛չ  Երևանին, ո՛չ Բաքվին: Այստեղից էլ ռուսատյացության կրկնությունը երկու կողմից: Վտանգն այն է, որ ռուսատյաց կրքերը բորբոքելու հարցում շահագրգռված որոշ արտաքին ուժեր կարող են օգտվել դրանից: Իսկ մինչ  այդ նրանք ճոճում են նավակը՝ բորբոքելով էթնիկ բախումները: Բայց ի՞նչ կլինի հետո»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ