14 07 2021

Վահե Գրիգորյա՞նն էր ՍԴ նախագահին տվել Դավիթ Հարությունյանին պատասխանելու տեքստը

Վահե Գրիգորյա՞նն էր ՍԴ նախագահին տվել Դավիթ Հարությունյանին պատասխանելու տեքստը

Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքները վիճարկող նիստում «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանի ելույթից հետո ՍԴ նախագահ Արման Դիլանյանն ասաց, թե՝ Դավիթ Հարությունյանը փորձ է անում վարկաբեկել ՍԴ ապագա որոշումը։

Երբ ՍԴ նախագահը հայցվոր կողմին ասում է, որ դուք ուզում եք վարկաբեկել մեր ապագա որոշումը, դրանով իսկ արդեն հասկացնում է, որ որոշումը չի բավարարելու հայցվոր կողմին։ Երևի թե, կարճ-կոնկրետ՝ ասաց, թե ինչ որոշում են կայացնելու։

Ուշագրավ է, որ Արման Դիլանյանը Դավիթ Հարությունյանին պատասխանելիս պարբերաբար օգտվում էր ինչոր թղթից, որը, մեր տեղեկություններով, նրան փոխանցել էր ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը։

Ստացվում է՝ արդեն այս պահին ՍԴ երկու անդամ խաղում է նույն՝ իշխանության դաշտում՝ իրար, այսպես ասած, պասեր տալով։ Վահե Գրիգորյանը, հայտնի է որպես Փաշինյանի «սրտի» ՍԴ նախագահացու, բայց ստացվում է՝ Արման Դիլանյանը նույնպես նույն «գծի» մեջ է։

Ի դեպ, Դավիթ Հարությունյանը ելույթը եզրափակեց այսպես․ «Ինչ վճիռ էլ կայացնեք, կյանքը շարունակվելու է, բայց ձեր վճռից է կախված՝ ինչ ճանապարհով կընթանա պետությունը։ Առաջիկա ամիսներին Հայաստանը ստորագրելու է բարդ, ցավոտ և սուր խնդիրներ պարունակող համաձայնագրեր։ Պարզ է, որ խոսքը գնում է երկրի տարածքների, փոշիացող պատմական իղձերի և զիջող պայմանագրերի ասին։ Պատասխանատուները երկուսն են՝ դուք ու ԱԺ-ն։  Այս գործով ձեր որոշումներից է կախված նման ցավոտ հարցերում Հայաստանի շահերը պաշտպանելու հնարավորությունն ու գործիքակազմը։ Եթե դուք ասելու եք, որ ընտրությունները լեգիտիմ են և ԱԺ-ն ունենալու է ԿԸՀ սահմանած  համամասնությունը, դուք զրկում եք Հայաստանին ԱԺ քաղաքական հարթակում Հայաստանի շահերը բազմակողմանիորեն քննարկելու հնարավորությունից։ Բայց սա հարցի մի կողմն է։ Մյուս կողմից, դուք եք վերցնելու ողջ պատմական պատասխանատվությունը Հայաստանի ապագա 100 տարին կանխորոշող ծանրագույն փաստաթղթերի ընդունման համար։ Պատմական բեռը ձեր վրա է լինելու։ Ամենաբարդ որոշումները կայացնելու եք դուք՝ այս որոշումից հետո հաշված ամիսների ընթացքում»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ