«ՀՅԴ 24-րդ գերագույն ժողովը, քննելով ՀՀ-ում ստեղծված քաղաքական, անվտանգային իրավիճակը, արձանագրում է, որ խորհրդարանական ընտրությունները չհանգուցալուծեցին երկրում տևական ժամանակ շարունակվող քաղաքական և ներհասարակական ճգնաժամը »։ Հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը՝ ընթերցելով ՀՅԴ գերագույն ժողովի հայտարարությունը.
«Իշխանությունը, զանգվածաբար գործի դնելով վարչական, ֆինանսական լծակները, հանրությանը մոլորեցնելու անթույլատրելի մեթոդները, կարողացավ վերարտադրվել, ինչը լրջագույն մարտահրավեր է մեր ազգային անվտանգության և պետականության համար։ Հետընտրական շրջանում օրվա իշխանությունը շարունակում է հանրության պառակտման, երկրում ջրբաժանների խորացման, քաղաքական հետապնդումների սանձազերծման, արցախյան հիմնախնդրի անտեսման, երկրի անվտանգային համակարգի միտումնավոր քայքայման, ազգային արժեքների ու հաստատությունների դեմ կազմակերպված արշավի քաղաքականությունը։
Վտանգավոր չափերի են հասնում արտագաղթի ծավալները, ինչն ուղղակի հարված է մեր պետականությանը։ ՀՅԴ գերագույն ժողովը, ելնելով ստեղծված իրավիճակից, հայտարարում է՝ հետամուտ է լինելու հայրենադավ իշխանության հեռացման պայքարին, հանդես է գալու իբրև արմատական ընդդիմություն, գործադրելու է քաղաքական պայքարի հնարավոր բոլոր միջոցները։
Հիմք ընդունելով «Հայաստան» դաշինքի համագործակցության հռչակագիրը, կարևորելով և գնահատելով դաշինքի ձևավորումը ու շարունակվող սերտ ու արդյունավետ համագործակցությունը, շարունակելու է գործընկերությունը համատեղ ուժերով ընդհանուր նպատակների իրագործման ուղղությամբ, հավատարիմ է լինելու Արցախի Հանրապետության անկախության ճանաչման, տարածքային ամբողջականության վերականգնման, տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության պայքարին»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը