Վերջին շրջանում Արցախում ակտիվ քննարկման հարց է դարձել ադրբեջանցիների՝ արցախցիներին արվող հեռախոսազանգերը, որով վերջիններս առաջարկում են վաճառել իրենց բնակարանները: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահի նախկին խորհրդական, «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Տիգրան Աբրահամյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Այս հարցին, երեկ անդրադարձել էր մեր գործընկեր Նաիրի Հոխիկյանը, ով փոխանցում էր արցախցիների շրջանում եղած անհանգստությունները։
Ադրբեջանցիների փոխանցած հիմնական միտքն այն է, որ ցանկացած պարագայում Արցախը հանձնվելու է, իսկ մենք առաջարկում ենք վաճառել ձեր բնակարանները:
Երեկվանից Արցախում ապրող ծանոթներիս եմ գրում, փորձում հասկանալ, թե խոսքը մեկ-երկու զանգի մասին է, թե այն առավել զանգվածային բնույթ է կրում:
Դեռ չեմ ցանկանում գնահատականներ հնչեցնել, բայց ակնհայտ է, որ ադրբեջանցիների զանգերը մեկ-երկու տասնյակով չեն սահմանափակվում:
Այստեղ իրականում երկու հիմնական խնդիր կա: Առաջինը, ակնհայտ է, որ Ադրբեջան հոգեբանական տոտալ գրոհ է սկսել արցախցիների նկատմամբ՝ փորձելով վախի մթնոլորտի դոզայի բարձրացմամբ արագացնել Արցախի հայաթափումը:
Երկրորդ, «սատանայական գործարք» է առաջարկում մարդկանց, փորձելով Արցախի նկատմամբ վերահսկողությունը ապահովել այդ ճանապարհով:
Ցավոք, սպասելի գործընթացներ են և առաջիկայում նմանատիպ գործիքների կիրառումն առավել համատարած բնույթ է կրելու:
Այս ամենն առավել ողբերգական է դառնում Հայաստանի իշխանությունների՝ գործընթացից դուրս գալու և Արցախի էջը վերջնականորեն փակելու ֆոնին:
Անկախ այն հանգամանքից, որ Հայաստանի իշխանությունները երես են թեքել այս հարցից, արցախցիներից քաղաքական, հասարակական դաշտը, առհասարակ, բոլոր այն մարդիկ, ովքեր գիտակցում են պահի լրջությունը, պետք է թիկունք կանգնեն մեր հայրենիքի արցախյան հատվածում ապրող հայությանը՝ ով, ինչպես կարող է:
Պետք է կանգնել արցախցիների կողքին, սատարել ինչով որ հնարավոր է: Միաժամանակ պետք է հիշել, որ Ադրբեջանի ու Թուրքիայի հավակնություններն Արցախով չեն սահմանափակվելու և Արցախի հարցով ցանկացած զիջում նոր ճանապարհ է բացելու ՀՀ տարածքի կորոստների համար:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը