NEWS.am-ը գրում է.
«Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանին ծեծի են ենթարկել 10 հոգով, նրանց թվում է եղել նաեւ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Արսեն Տիտանյանը։
«Այս պահին դա նախաքննության փուլում է։ Մոտ 10 հոգի են եղել, այդ թվում՝ մարզպետը, ինձ ծեծի են ենթարկել։ Նրանց պահանջն այն է, որ ես հրաժարական տամ»,- ասաց համայնքապետը։
Տիտանյանն ասաց, որ ունի մարմնական վնասվածքներ. «Հիվանդանոցում էի, քիչ առաջ եմ դուրս եկել։ Հիմնականում դեմքիս հատվածում եմ վնասվածք ստացել»։
Հարցին՝ արդյոք պատրաստվո՞ւմ է հրաժարական ներկայացնել, համայնքապետը պատասխանեց. «Ինչի՞ համար հրաժարական տամ»։
Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 22-ին, «Հայաստան» դաշինքն ահազանգ էր ստացել, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններում այն համայնքների ղեկավարները, որոնք «Հայաստան» դաշինքի թիմակիցներն են, այդ համայնքներում համայնքապետերին սպառնալիքներով հորդորում են ինքնակամ հրաժարական տալ։
Նշենք, որ Օձունի համայնքապետը Ոստիկանությունում հաղորդում է տվել իր նկատմամբ կատարված հանցագործության վերաբերյալ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը