11 06 2021

Կարևոր է յուրաքանչյուրի ձայնը․ Լիա Իվանյանի հոդվածը՝ Panorama.am

Կարևոր է յուրաքանչյուրի ձայնը․ Լիա Իվանյանի հոդվածը՝ Panorama.am

Հրապարակախոս Լիա Իվանյանը Panorama.am-ում հոդված է հրապարակել․

«Հորդորում եմ, կոչ եմ անում մեր բոլոր անտարբեր ու չկողմնորոշված քաղաքացիներին՝ դիտել  Razm.info-ի գլխավոր խմբագիր Կարեն Վրթանեսյանի հստակ վերլուծությունն այն մասին, թե ինչ մեխանիզմով է ընտրության չգնացող քաղաքացիների հաշվին ավելանալու պետականաքանդ Նիկոլի վերարտադրման շանսը։ 13 րոպեանոց հոլովակում ասված է ամեն ինչ։

Չգիտեմ, էլ ի՞նչ կերպ պետք է բացատրվի իր և իր երեխաների վաղվա օրվա համար մտահոգ պարկեշտ, բայց զզված քաղաքացուն, որ անհրաժե՛շտ է գնալ ընտրության, օգտագործել իր քվեարթերթիկը և մի կողմ դնելով սիրում եմ-չեմ սիրում ոչ քաղաքական կատերգորիան՝ իր մեկ ձայնով օգնել երկիրն այս ազգակործան բացիլից ազատելուն։ 

Պետք է ենթադրել, որ ընտրությունների օրը և ձայների հաշվարկի ժամանակ կկիրառվեն նաև ավելի կացնային ֆոկուսներ։ Դատելով քարոզարշավի ընթացքում նիկոլյան ատելության խոսքն ու բացահայտորեն քաղաքացիական բախումներ հրահելու կոչերը չնկատելու իրավապահ մարմինների, ԿԸՀ-ի, ինչպես նաև եվրոպական համապատասխան կառույցների ջայլամային կեցվածքից՝ իշխող ուժն իրեն շատ բան կարող է թույլ տալ։ Նիկոլն անձամբ, պարտության հոտն առնելու դեպքում, թքած ունենալով ամենի և բոլորի վրա՝ քարը քարին չի թողնի։

Այդ զինանոցում արդեն ուրվագծվում են մի տեսակ դասակարգային պայքարի էլեմենտներ՝ նա   «ժեխ» կոչվածին հանում է միջին խավից սկսած բոլորի դեմ։ Եթե ուշադրություն դարձնենք քարոզարշավի ընթացքում նրա խոսքին, բառապաշարին ու ասելիքին՝ նա դիմում է միայն այդ հատվածին, որն էլ հորթային հիացմունքով կլանում է ամենից ֆանտաստիկ ապուշությունները, որոնք լսելն անգամ ապտակ է բանականությանը։

Թե այս պարագայում ևս Նիկոլն իրեն գժի տեղ է դնում, ինչպես խոստովանել է Արցախյան բանակցություններին առնչվող Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրության մեջ, թե՞ իրոք հոգեկան խնդիրներ ունի՝ դժվար է ասել, քանի որ իր մոտ դա շատ օրգանական վիճակ է։ Նա նաև շատ լավ գիտի  հասարակության ցածր շերտի հոգեբանությունը և կարողանում է ճիշտ լարերի վրա խաղալով՝ ենթարկեցնել իրեն։

Անկեղծ ասած, այլ ուժերի կողմից երևի պետք չէ ակնկալել այս շերտի դարձի բերելու հնարավորությունը հունիս 20-ից առաջ, քանի որ նրանց բուժումը երկարատև պրոցես է։ Սա մշտապես դժգոհ ու ծախվող այն ընտրազանգվածն է, որի համար անհասկանալի են հայրենիք և արժանապատվություն հասկացությունները։

Խնդիրը գիտակից զանգվածն է, որի ընտրություններին չմասնակցելը ինչ-որ տեղ ներելի էր 2018-ին, երբ  շատերի մոտ դրական փոփոխությունների սպասումներ կային։ Իրականում տեսանք, որ ստացվեց լրիվ հակառակը, և այսօր՝ երեք տարի անց, կանգնել ենք պետության կորստի վտանգի առջև։ Այս ընտրություններին նրանց չմասնակցելն աններելի հանցանք կլինի, քանի որ Նիկոլ կոչված չարիքից չազատվելու դեպքում պետություն կկորցնենք։ Կարևոր է ամեն մեկի ձայնը, ում համար թանկ է Հայաստանը, ում սիրտը ցավում է մեր մարդկային և տարածքային կորուստների համար, ով գիտակցում է, որ այսպես շարունակվել չի կարող։

Օգտագործեք ձեր ձայնը, մի կորցրեք և մի փոշիացրեք այն։ Յուրաքանչյուրս մեկ ձայն ունի, և այս հանգամանքներում այն հայրենիքի փրկությանը չծառայեցնելը նվեր է ներքին և արտաքին թշնամուն»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ