11 06 2021

Մենք գալիս ենք՝ ստեղծված տնտեսական ճգնաժամը հաղթահարելու և արտագաղթը կանխելու համար․ Ռոբերտ Քոչարյան



Այս քաղաքն ադամանդագործների քաղաք է, այստեղ գալիս էի գործարաններ այցելելու համար, քանի որ բազմաթիվ խոշոր ներդրումային ծրագրեր են իրականացվել հենց այստեղ։ Այս մասին Նոր Հաճըն քաղաքում ընտրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Նա հիշեցրեց, որ ադամանդագործության ոլորտում աշխատում էր մոտ 4000 մարդ, իսկ այսօր մնացել են նախկին ծավալների ընդհամենը 7-10 տոկոսը։

«Արդար չէ այդ մասնագետների հանդեպ, նրանք այսօր մնացել են անգործ և ստիպված են մեկնել հայրենիքից՝ ուրիշ տեղ աշխատելու համար։ Աշխատանքը պետք է բերել մարդու մոտ, այլ ոչ թե ամեն մեկն աշխարհով ընկնի այդ աշխատանքը փնտրելու։ Փորձելու ենք և համոզված եմ, որ ի վիճակի ենք անել։ Այս ոլորտում ձեր ունեցած փառքը վերականգնվելու է։ Մենք գալիս ենք՝ ստեղծված տնտեսական ճգնաժամը հաղթահարելու համար, տարեկան տասնյակ հազարավոր նոր աշխատատեղեր ստեղծելու համար, գալիս ենք գործազրկության դեմ պայքարելու համար և արտագաղթը կանխելու համար», - հայտարարեց Քոչարյանը։

Նա շարունակեց, որ «Հայաստան» դաշինքը գալիս է նաև երկիրն անվտանգ դարձնելու համար։

«Հանրապետությունում երևի թե չկա գոնե մի քաղաքացի, որ ունենա անվտանգության լիարժեք զգացում։ Վերականգնելու ենք բանակը և սահմանների անվտանգությունը», - նշեց նախագահը։

Երրորդ կարևոր բաղադրիչը․ երկրում ստեղծված նման նյարդային լարվածության մթնոլորտում և միմյանց նկատմամբ ատելության պայմաններում հնարավոր չէ արարել, աշխատել և բարիքներ ստեղծել։ Մենք ոչ ոքի չենք բաժանում սևերի ու սպիտակների, բայց մենք ասում ենք, որ կա մի քաղաքական ուժ, որի հիմնական նպատակը հենց դա է՝ բաժանել։ Միգուցե նաև՝ բաժանելով՝ տիրել, բաժանելով՝ այլ շահեր հետապնդել։ Մենք չափազանց բարձր գին ենք վճարել այս ամենի համար, և մեր նպատակն է վերանորոգել սա, բուժել այս տարիների ընթացքում ստացած վերքերը, հույս ու հավատ ներշնչել մեր ժողովրդին։ Վստահե՛ք մեզ, մենք մի քանի անգամ արդեն ապացուցել ենք, որ կարող ենք այդ ամենն անել։ Մեր քվեաթերթիկի համարը 24 է։ Դուք մեզ պարտադրելու եք աշխատել 24 ժամ, իսկ արդյունք ստանալու համար մենք ստիպված ենք լինելու աշխատեցնել ձեզ։ Արդյունքում շահելու է մեր երկիրը և այն փոքրիկները, որոնց համար մեր կյանքը իմաստավորվում է։ Դեպի բարեկեցիկ, անվտանգ ու ուժեղ Հայաստան։ Ամեն ինչ լավ է լինելու», - եզրափակեց նախագահը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ