Վազգեն Մանուկյանը հանդիպել էր ինձ և առաջարկել մտնել ակտիվ գործընթացի մեջ։ Այնպես չէր, որ նա շատ մեծ ցանկություն ուներ վարչապետի պաշտոնը ստանձնելու։ Բայց եթե փորձում ենք խորհրդարանով ընտրել ժամանակավոր վարչապետ, ապա ասեմ, որ ես վերջին մարդն եմ, ում այս խորհրդարանը կարող էր ձայն տալ։ Նրանք ինձանից վախենում են և, ի դեպ, ճիշտ են անում։ Որպես Շարժման ղեկավար, պետք էր առաջադրել այնպիսի մարդու, ում նրանք բանտում չեն պահել, որի վրա արհեստական քրեական գործեր չեն կարել։ Այս մասին Արագածոտնի մարզի քաղաքացիների և «Հայաստան» դաշինքի շտաբերի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Ընդամենը պետք էր, որ «Իմ քայլը» խմբակցությունից 20-25 պատգամավոր դուրս գային, միանային ընդդիմությանը և ընտրեին ժամանակավոր վարչապետ։ Մենք կխուսափեինք այս թեժ քաղաքական իրավիճակում անցկացվող ընտրություններից և դրանք կկազմակերպեինք մեկ տարի անց՝ ավելի հանդարտ մթնոլորտում։ Հիմնական նպատակը սա էր։
Բայց այդ 20-25 հոգին դուրս չեկան, ժողովրդի կողմից էլ չեղավ այդ պոռթկումը, բոլորը շոկային վիճակում էին։ Բավարար զանգված չհավաքվեց, և շարժումը որոշակի դժվարությունների առաջ կանգնեց։
Կրկնում եմ՝ ես այն վերջին մարդն եմ, ում այս խորհրդարանը կընտրեր վարչապետ։ Իմ՝ փողոց դուրս չգալու պատճարը դա էր։ Պարզապես մենք ուսապարկերի ուսապարկության աստիճանը ճիշտ չէինք գնահատել», - ասաց նախագահը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը