ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը և ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը այսօր՝ մայիսի 30-ին, հանդիպել են Արարատի մարզի քաղաքացիների հետ։
«Նախընտրական շտաբերի և տեղում մարդկանց միասնական դաշտային աշխատանքի շնորհիվ մենք կկարողանանք հասնել ցանկալի արդյունքի։ Պետք է փորձենք որակյալ աշխատանք տանել յուրաքանչյուրս մեր մասով, մենք՝ շտաբերում, դուք՝ այստեղ, տեղում։ Մենք գիտենք՝ որքան բարդ աշխատանք է դաշտային աշխատանքը։ Ընտրական գործընթացի այս երկու թևերի արդյունավետ աշխատելու դեպքում մենք կունենանք այն արդյունքը, որն ուզում ենք։ Այս իշխանությանը մնացել է 21 օր»,- ասել է նախագահ Քոչարյանը՝ հավելելով, որ դաշինքի՝ տարբեր մարզերում ունեցած հանդիպումները նոր լիցք ու ուժ են հաղորդում։ «Սա պայքար է։ Յուրաքանչյուր մարտից առաջ, երբ զինվորի աչքերին նայում էինք, հասկանում էինք՝ հաղթելո՞ւ ենք, թե՝ ոչ։ Նույնն այս պայքարում է։ Մարդկանց աչքերից երևում է, թե ինչ վճռականությամբ են նրանք լցված, ինչ համոզմունքներով են գնում պայքարի»,- հավելել է Ռոբերտ Քոչարյանը։
Հանդիպման ժամանակ հնչել են մի շարք հարցեր՝ կապված կրթական համակարգի, ոռոգման ջրերի, հանրության բարոյահոգեբանական վիճակի, պարգևավճարների, աղանդների և արտասահմանյան ֆինանսական ռեսուրսներով գործող կասկածելի ՀԿ-ների, պատերազմի հետևանքով Արցախից փախստական դարձածների սոցիալական խնդիրների վերաբերյալ։
«Ունենք ճնշված, վիրավորված, միգուցե արհեստական շնչառության տակ գտնվող բանակ։ Քանի որ շատ լավ պատկերացնում եմ՝ ինչ է բանակը, համարում եմ, որ ներսում կարգուկանոն հաստատելու և կազմակերպչական առումով բանակը կարելի է վերականգնել մեկ տարվա ընթացքում, հանել նրան պարտվողի սինդրոմից»,- բանակի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ նշել է Ռոբերտ Քոչարյանը։ «Բայց սպառազինության մեր ունեցած կորուստները վերականգնելու, բանակի մարտունակությունը և կարողությունն աճեցնելու տեսանկյունից, կարծում եմ, անհրաժեշտ կլինի երեք տարի։ Պայմանագրերը կարելի է կնքել 6 ամսվա ընթացքում, սակայն ժամանակատար լինելուց բացի, այս գործընթացը նաև շատ ծախսատար է։ Այդ պատճառով էլ նախատեսում եմ երեք տարի»,- ասել է նախագահ Քոչարյանը։
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հանդիպման տեսագրությունը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը