28 05 2021

Լրագրողների անխոչընդոտ մասնագիտական գործունեությունը պետք է երաշխավորված լինի. Արման Թաթոյան

Լրագրողների անխոչընդոտ մասնագիտական գործունեությունը պետք է երաշխավորված լինի. Արման Թաթոյան

Այսօր վաղ առավոտից Մարդու իրավունքների պաշտպանին լրագրողներն ահազանգերով բողոքներ են ներկայացրել՝ նշելով, որ պաշտոնական միջոցառումները լուսաբանելու համար իրենց արգելվում է մոտենալ Սարդարապատի հուշահամալիրին, Facebook-ում գրել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

 «Լրագրողները նշել են՝ նախապես չի հայտարարվել, որ Սարդարապատի հուշահամալիր մուտքն իրենց համար փակ է լինելու, տեղում ևս չի ներկայացվել որևէ պարզաբանում կամ հիմնավորում:

 Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ ցանկացած պարագայում լրատվամիջոցները պետք է նախապես տեղեկացվեն սպասվելիք նմանատիպ միջոցառումների լուսաբանման պայմանների, ինչպես նաև սահմանափակումների մասին՝ նախապես հրապարակված պարզաբանումներով կամ հիմնավորումներով:

 Լրատվամիջոցների միջոցով է հասարակությունը տեղեկանում երկրում տեղի ունեցող իրադարձությունների ու հանրային մարմինների աշխատանքի մասին, հետևաբար նրանց անխոչընդոտ մասնագիտական գործունեությունը պետք է երաշխավորված լինի», - գրել է Արման Թաթոյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ