26 05 2021

Ես տեսնում եմ Ռուսաստանի հետ երկաթուղային ճանապարհի բացման հնարավորությունը․ Ռոբերտ Քոչարյան



Համոզված եմ, որ Ռուսաստանի և Վրաստանի հետ պետք է դերակատար դառնանք և ակտիվ առաջ տանենք Աբխազիայով երկաթուղու բացման գործընթացը։ Հիմա մոտավորապես գիտեմ, թե ինչ վիճակում է գտնվում այդ հարցը։ Փակուղային չէ, և դրա լուծման հնարավորությունը կա։ Մյուս կողմից, երբ նայում ենք մեր արդյունաբերական բեռնափոխադրումների հնարավոր ծավալը, տեսնում ենք, որ դրանք առանձնապես մեծ էլ չեն։ Ճիշտ է՝ հենց այդ երկաթուղին կարող է բերել ծավալների կտրուկ աճին, բայց, ցավոք, այսօր այդ ծավալներն էլ չկան։ Մենք բավականին երկար ժամանակ չենք ունեցել այդպիսի մեծ ծավալներ, ինչն էլ ժամանակի ընթացքում բերել է մեր տնտեսության կառուցվածքի վերափոխմանը, և ավելի շատ զարգացել են այն ոլորտները, որոնք մեծ ծավալների բեռնափոխադրումների կարիք չեն ունեցել։ Այս մասին բիզնեսի և շինարարության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Մեր նախընտրական ծրագրում կա նաև տրանսպորտին վերաբերող բաժին։ Իրականում ես տեսնում եմ Ռուսաստանի հետ երկաթուղային ճանապարհի բացման հնարավորությունը։ Ինչ վերաբերում է հարավային ուղղությանը՝ Մեղրիով, ինչի մասին հիմա շատ են խոսում, ապա ես մեծ կասկածներ ունեմ, որ սա աշխատելու է, որովհետև ադրբեջանական կողմն արդեն հայտարարել է, որ Նախիջևանը կապելու են Իգդիրի հետ։ Այդպիսով, մեր շրջափակումը միայն կավելանա, որովհետև մենք տրանզիտի գումար ստանալու ենք ամենաշատը 47 կմ․-ի համար։ Սա չնչին գումար է լինելու։ Իսկ եթե նրանք միացրեցին ճանապարհը Իգդիրի հետ, կարծում եմ, որ այդ երկաթուղին մեր կողմերը չի էլ հասնելու։ Դրա համար պետք է այլընտրանք ունենանք, իսկ դա Վրաստանն է։ Քարտեզին նայում ես՝ ուրիշ տեղ չկա»,- ասաց նա։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ