«Հայաստան» Դաշինքը հայտարարություն է տարածել Արմեն Գևորգյանին մեղադրանքներ ներկայացնելու կապակցությամբ
Ներկայիս ժամանակավոր իշխանությունը տարրական անվտանգային հարցերի ձախողման, Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքների ծայրահեղ վտանգված լինելու պայմաններում` արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական կարևոր փուլում կրկին անցել են քաղաքական հետապնդումներին:
Միայն վերջին օրերին «Հայաստան» դաշինքի մի քանի համակիրների նկատմամբ իրավապահներն սկսել են խայտառակ քրեադատավարական ճնշումներ: Այսօր «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի պետ Արմեն Գևորգյանի նկատմամբ իբր քննվող քրեական գործով հենց այս փուլում առաջադրել են հորինած մեղադրանքներ: Հատուկ քննչական ծառայությունը միայն այսօրվա ընթացքում, չնայած պետական անվտանգային չլուծված և օրհասական խնդիրներին, երկու անգամ ծանուցագիր էր ուղարկել Արմեն Գևորգյանին: Այս քաղաքական հետապնդումն սկսվեց հենց «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբերի կազմավորման փուլում` հետապնդելով միայն քաղաքական միջամտության նպատակ։ Իրավապահները պետք է հստակ գիտակցեն, որ իրենց յուրաքանչյուր կատարած ապօրինության համար շատ խիստ են պատժվելու։ Այսպիսի ապօրինություններով ոչ ոքի չեն ճնշելու, այլ ճիշտ հակառակը:
Ժամանակավոր իշխանությանը և միայն իրենց ծառայող քննիչ ու դատախազներին` իրենց պետերով, զգուշացնում ենք, որ նման և այլ ապօրինի, ինչպես նաև քաղաքական մրցակցությունը խախտող արարքները հստակ արձանագրվում են ու պատասխանատվությունից ոչ մի իրավիճակում չեն խուսափելու:
20․05․2021թ
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը