13 05 2021

«Հաղթելու ենք» հեշթեգը իշխանությունը փոխարինեց «կրակոցներ չեն եղել» և «մեդիատեռոր» հեշթեգերով

«Հաղթելու ենք» հեշթեգը իշխանությունը փոխարինեց «կրակոցներ չեն եղել» և «մեդիատեռոր» հեշթեգերով

Նախօրեին լրատվականները սկսեցին մեկը մյուսի հետևից լուրեր հաղորդել Սյունիքում տիրող լարված իրավիճակից: Հիմնական ինֆորմացիան այն էր, որ թշնամին առաջ է շարժվել Իշխանասարի ուղղությամբ և մեծ քանակությամբ զորք կուտակել: Պետական մակարդակով որևէ մեկնաբանություն չէր տրվում, բոլորը լուռ էին: Միայն ժամեր անց ՊՆ-ն հանդես եկավ հայտարարությամբ:

ՊՆ հաղորդագրությունը

«Մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։ Այս պահին ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ։

Մամուլում տարածվող տեղեկությունները «Իշխանասարի ուղղությամբ ընթացող մարտերի մասին» չեն համապատասխանում իրականությանը։ Նման զարգացումների դեպքում պաշտպանության նախարարությունն առաջինը հանդես կգար հայտարարությամբ։ Կոչ ենք անում ձեռնպահ մնալ չճշտված, առավել ևս՝ խուճապ տարածող տեղեկություններ հրապարակելուց»:

Դրանից անմիջապես հետո իշխանական պատգամավորները սկսեցին արձագանքել դեպքերին՝ սլաքները նորից ուղղելով լրատվամիջոցների դեմ և ասելով, որ ամեն ինչ կարգին է: Ներկայացնում ենք նրանցից մի քանիսը:

Արթուր Հովհաննիսյան, «Իմ քայլը» դաշինք

«Ինչ-որ պալատական երգիչներ ու դերասաններ, մանրածախ գներով ծախված քաղաքական ու հանրային գործիչներ, քաղաքապետիկներ, նախկին մարզպետիկներ, իրար հերթ չտալով, սկսեցին մեդիատեռորի ենթարկել մեր ժողովրդին։

Իրականությունն այն է, որ այսօր վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

 Քաղաքական հայտ ներկայացրած բանդան, օգտվելով այս և նմանատիպ այլ հանգամանքներից, կազմակերպված մեդիաօպերացիաներ է իրականացնում մեր պետության ներսում, մեր ժողովրդի դեմ»։

Արմեն Խաչատրյան, «Իմ քայլը» դաշինք

«Մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։ Այս պահին ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ։

 Բոլոր ՀԱՅԿԱԿԱՆ լրատվամիջոցներին հորդորում եմ չճշտված տեղեկություններ չտարածել և խուճապ չառաջացնել»։

 

Արփի Դավոյան, «Իմ քայլը» դաշինք

«Սյունիքի մարզում Իշխանասարի ուղղությամբ  որևէ  մարտ   չի  ընթացել և չի ընթանում, հետևաբար  չկան ո՛չ վիրավորներ, ո՛չ էլ  զոհեր:

Խնդրում եմ  զերծ մնալ ապատեղեկատվության տարածումից  և  չտրվել հերթական  սադրանքին»։

Վահագն Ալեքսանյան, «Իմ քայլը» դաշինք

«#Մեդիատեռոր|ի հերթական նողկալի փորձն է, հիմա էլ ՝ Սյունիքի մասին։

Իշխանասարում ՈՉ ՄԻ ԿՐԱԿՈՑ չի հնչել, էլ ուր մնաց ՝ մարտեր ընթանան։

Հասկանում եմ, որ որոշ դուրսպրծուկներ ամեն ինչ անելու են նախընտրական շրջանում մարդկանց մոտ վախն ու տագնապը ահագնացնելու ուղղությամբ, բայց վստահեցնում եմ, որ դա նրանց չի հաջողվելու»։

Հայկ Ցիրունյան «Իմ քայլը» դաշինք

«Սյունիքում ամեն ինչ հանգիստ է, չի եղել ոչ մի կրակոց, ոչ մի արտասովոր շարժ: Հայտնի տեռորիստական «լռատվականնները» պատվերով ստատուսչիկները որոնք այսպիսի ապատեղեկլատվություն են տարածում, արժանի են ամենախիստ պատժի»:

Նարեկ Ղահրամանյան «Իմ քայլը» դաշինք

«Կրակոց, վիրավոր, սուտ է, բացարձակ չի համապատասխանում իրականությանը: Սև լճի հատվածում ձյունը հալվել է, մենք առաջ ենք տվել մեր դիրեքերը, իրենք էլ են առաջ տվել իրենց դիրքերը, հիմա բանակցություններ են ընթանում»:

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյան

«Սյունիքում հակառակորդը ոչ մի հատվածում առաջ չի եկել: Եկել են դիտակետ դնեն, մոլորվել են:ՀՀ պետական սահմանին որևէ խախտում չի կարող լինի, դա անհնարին բան է, ես եմ ասում»:

Անդրանիկ Քոչարյան «Իմ քայլը» դաշինք

«Սյունիքում լարվածության առիթ էր պետք, որպեսզի շատերը դա ճոխացնեն, և երկիրը դնեն լարվածության մեջ։

Ադրբեջանցիները 1974 թվականի քարտեզով եկել էին ինչ-որ բարձունքի վրա եկել և ասում էին, որ մերն է այս բարձունքը։ Էլի են լինելու այսպիսի դեպքեր։ Մի տեղ մենք ենք առաջ գնալու, իրենք են շուխուռ անելու, և մյուս անգամ էլ հակառակը։ Ընդամենը մի հատ դիրք է՝ չպահպանվող բարձունք»:

Այս ամենից հետո միայն երեկոյան տեղի ունեցավ ԱԽ նիստ, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց.

«Այսօրվա Անվտանգության խորհրդի նիստը նվիրված է Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում տեղի ունեցող իրադարձություններին: Այսօր առավոտյան Ադրբեջանի զինված ուժերն այդ տեղանքում հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր, ըստ էության, փորձ են անում պարփակել Սև լիճը: Կրկին ուզում եմ արձանագրել, որ կրակոցների, փոխհրաձգությունների, մարտական գործողությունների, վիրավորների, զոհերի մասին տեղեկությունները որևէ կապ չունեն իրականության հետ»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ