12 05 2021

Եթե հակառակորդը հատել է պետական սահմանը, իրավունք ունենք գերի վերցնել. Մովսես Հակոբյան

Եթե հակառակորդը հատել է պետական սահմանը, իրավունք ունենք գերի վերցնել. Մովսես Հակոբյան

Հակառակորդը միշտ էլ փորձելու է առաջանալ։ Հարց է՝ դա իրեն կհաջողվի, թե ոչ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ այս մասին ասել է ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով Սյունիքում տեղի ունեցած իրադարձություններին։

 

Վերջինս նշեց, որ հստակ որևէ տեղեկատվության չի տիրապետում, հետևաբար որևէ կերպ չի կարող անդրադառնալ այնտեղ տեղի ունեցող իրադարձություններին։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր առավոտյան հակառակորդը միանգամից երկու ուղղությամբ տեղաշարժել է իր դիրքերը. Եթե Գեղարքունիքի մոտ ադրբեջանցիները դիրքերը տեղաշարժել են իրենց հսկողության տակ գտնվող տարածքում. Դրանք մոտեցնելով ՀՀ սահմանին, ապա Սյունիքի հատվածում մուտք են գործել ՀՀ տարածք։ Գորիսի համայնքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել էր, որ հակառակորդը գիշերն առաջացել է Սյունիքի մարզի Իշխանասարի ուղղությամբ՝ առանց որեւէ կրակոցի։ ՀՀ ՊՆ-ն եւս նշել էր, որ այսօր առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում եւ բանակցություններ են տարվում նրանց հետ, իսկ Սյունիքի մարզպետը «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ հերքել էր հակառակորդի առաջխաղացումը՝ պնդելով, թե Սյունիքում հակառակորդը ոչ մի հատվածում առաջ չի եկել, եկել են դիտակետ դնելու և մոլորվել են։

 

ՀՀ տարածքում «մոլորված» ադրբեջանցիների հետ ինչ բանակցություններ են տարվում՝ «Փաստինֆո»-ի դիտարկմանն ի պատասխան Մովսես Հակոբյանն ասաց. «Չեմ կարող մեկնաբանել, որովհետև ստույգ տեղեկություն չունեմ։ Եթե ՀՀ պետական սահմանը հատել են, ապա իրավունք ունենք գերի վերցնել»,-ասաց Մովսես Հակոբյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ