26 10 2023

Ինչպե՞ս է հակառակորդը փորձում «լեգիտիմացնել» իր հանցագործությունները. «Փաստ»

Ինչպե՞ս է հակառակորդը փորձում «լեգիտիմացնել» իր հանցագործությունները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Իրադարձությունների ընթացքը ցույց է տալիս, որ Ադրբեջանը նախ պայմաններ է ստեղծում, որպեսզի իր հանցավոր գործողությունները միջազգային հանրության կողմից ընկալելի լինեն, ապա անցնում է դրանց իրագործմանը։ Իսկ այդ ամենը վկայում է հաշվարկված գործելու մասին։ Օրինակ՝ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանը կարող էր հենց Արցախյան երկրորդ պատերազմի ավարտից հետո հասնել Արցախի հայաթափմանը, սակայն երկու տարուց ավելի սպասեց։ Եթե Ադրբեջանն անմիջապես Արցախյան պատերազմից հետո նման քայլի գնար, իրավիճակը լիովին այլ կլիներ, այդ թվում՝ միջազգային արձագանքը։ Դրա համար էլ Բաքուն նախ հասավ նրան, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարի, ապա նաև վերահաստատի, թե Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում, ապա անցավ Արցախի դեմ ագրեսիային։

Իսկ երբ Ռուսաստանից կամ Արևմուտքից փորձում էին միջամտել, Ադրբեջանը հայտարարում էր, թե նրանք միջամտում են իր ներքին գործերին, քանի որ Հայաստանն արդեն ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում։ Ու եթե մի ժամանակ Արցախի հարցով հատուկ միջազգային ձևաչափ էր գործում՝ Մինսկի խմբի համանախագահության տեսքով, ապա դրա փոխարեն Նիկոլ Փաշինյանի «թեթև ձեռքով» Արցախի թեման դարձավ Ադրբեջանի «ներքին գործ»։ Այդպիսով, Արցախն էթնիկ զտումների ենթարկվեց, իսկ Ադրբեջանի կողմից իրագործված հանցագործություններն այդպես էլ հասցեական արձագանքի չարժանացան։ Մի քանի ձևական հայտարարություններից այն կողմ ոչինչ չձեռնարկվեց։ Արցախի հետ հաշվեհարդար տեսնելուց հետո Ադրբեջանն անցել է արդեն Հայաստանի նկատմամբ նկրտումներին ու կոնկրետ քայլեր է ձեռնարկում, որպեսզի միջազգայնորեն այդ նկրտումները ևս լեգիտիմացվեն։

Դրա համար էլ հրապարակ է բերվել «Արևմտյան Ադրբեջանի համայնք» արհեստական կազմավորումը։ Այլ հարց է, որ որ այդ կազմավորումը կարող է Ադրբեջանի ներքին լսարանի համար ակտիվություն ցուցաբերել, լիովին այլ հարց, որ այն միջազգային ընդունելության է արժանանում։ Այս տարվանից սկսած, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի համայնքն» սկսել է մեծ ակտիվությամբ նամակներով ու բողոքներով դիմել տարբեր միջազգային կառույցների, դրա հետ մեկտեղ այդ արհեստածին կազմակերպության ներկայացուցիչները նույնիսկ «դրսի» պաշտոնյաների կողմից ընդունելություն են գտնում։ Հաշվի առնելով Թուրքիայի դիրքորոշումը՝ ինչ-որ տեղ հասկանալի է Ադրբեջանում գտնվող Թուրքիայի Ազգային մեծ ժողովի գլխավոր քարտուղար Թալիփ Ուզունի գլխավորած պատվիրակության հանդիպումը «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ղեկավարության հետ։

Բայց տարակուսանքի տեղիք է տալիս այն իրողությունը, որ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչն է Բաքվում հանդիպում անցկացնում «Արևմտյան Ադրբեջանի համայնք» արհեստածին կազմակերպության ներկայացուցիչների հետ ու կարևորում բոլոր փախստականների, այդ թվում՝ Հայաստանը լքած ադրբեջանցիների վերադարձի իրավունքը: Անկասկած է, որ Բաքուն այս թեման ավելի մեծ ճնշումով կխաղարկի Հայաստանի հետ բանակցություններում ու իր հավակնությունները միջազգային հանրության առաջ կփորձի լեգիտիմացնել՝ ներկայացնելով, թե դրանով ապահովում է Հայաստանից հեռացած ադրբեջանցիների իրավունքների վերականգնումը։ Իսկ դրան նպաստում է նաև Հայաստանի իշխանությունների անգործությունը։

Վերջին շրջանում տարբեր պաշտոնյաներ եկան ՀՀ, նրանցից մեկը Արցախի ներկայացուցիչների հետ հանդիպե՞ց։ Արցախի հայաթափումից մինչ օրս որևէ նման հանդիպում տեղի չի ունեցել։ Չնայած զարմանալու ոչինչ չկա, մեր երկրի ղեկավարության ներկայացուցիչներն իրենք անգամ չեն հանդիպում Արցախի նախագահի, պատգամավորների հետ, իսկ ժամանակ կար, որ Փաշինյանը մեծ աղմուկով Ստեփանակերտում ԱԽ նիստ էր անցկացնում։ Չպետք է թույլ տալ, որ Արցախի հայության իրավունքների ու վերադարձի հարցը մոռացվի։ Այս թեմաները պետք է անընդհատ առաջ քաշվեն Ադրբեջանի կողմից կատարված հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու հարցի հետ մեկտեղ։ Դեռ ավելին, ՀՀ-ում պետք է արդեն իսկ ձևավորված լինեին կազմակերպություններ՝ կազմված այն հայերից, ովքեր 1988 թվականից սկսած բռնագաղթի են ենթարկվել Ադրբեջանի կողմից։ Նրանք ևս կարող են իրենց իրավունքների վերականգնման մասին բարձրաձայնել ու այդ թեմայով հանդիպումներ անցկացնել տարբեր արտերկրյա պաշտոնյաների հետ։

Փաշինյանը ևս իր հարցազրույցների ընթացքում նշել է, թե հեռացած հայերն էլ կարող են վերադարձի պահանջ դնել, սակայն կառավարությունը ոչինչ չի ձեռնարկել այդ ուղղությամբ։ Ու ՀՀ իշխանություններն իրենց անգործությունը արդարացնում են նրանով, թե կենտրոնացել են ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանման վրա, բայց իրականում ոչ թե պահպանում են, այլ ժամանակ առ ժամանակ զիջում։ Միևնույնն է, եթե հակառակորդը մտադրություն ունի ագրեսիայի դիմելու, կդիմի, սակայն երբ հակազդեցության չհանդիպի, ապա այդ դեպքում ավելի ագրեսիվ պահվածք կդրսևորի։ Ու մի օր էլ կարող ենք ականատես լինել, որ բանակցային հաղորդագրություններում ավելացել է ադրբեջանցիների վերադարձի հարցի քննարկումը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ